Իրանի ԱԳ նախարարը հատուկ այցելել է Հայաստան. Սա ցուցիչ է.Իրանագետ


Իրանի ԱԳ նախարարը հատուկ այցելել է Հայաստան. Սա ցուցիչ է.Իրանագետ

  • 28-11-2017 18:14:32   | Հայաստան  |  Քաղաքական

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան չափազանց կարևոր է քաղաքական առումով՝ հաշվի առնելով այն, որ Իրանի արտգործնախարարը ոչ թե տարածաշրջանային այց է կատարում, այլ հատուկ այցելել է Հայաստան:
 
Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որն սա ինքնին ցուցիչ է այն հանգմանքի, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները քաղաքական տիրույթում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և Հայաստանը հետաքրքրում է իրանցիներին:
 
«Այցը պաշտոնական առումով նվիրված է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին, բայց այցի ենթատեքստում ունենք մի շարք խնդիրներ, որոնք թե քաղաքական են, թե տնտեսական: Եթե քաղաքական հարթությունը փորձենք դիտարկել, ապա ակնհայտ է, որ Հայաստանն Իրանի համար հետաքրքիր է թե որպես Եվրասիական տնտեսական միության երկիր, և այդ մասին Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ շեշտադրեց, թե որպես Եվրամիության հետ ընդլայնված գործակցության համաձայնագիր կնքած երկիր: Այսինքն՝ փաստացի Հայաստանը կարող է Իրանի համար կամուրջ հանդիսանալ մի կողմից դեպի եվրասիական տարածք, մյուս կողմից դեպի Եվրամիություն»,- ասաց նա:
 
Քաղաքական հարթությունում երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ Վարդան Ոսկանյանի, Արցախյան հիմնախնդիրն է: Իրանցիները շահարգռված են այս հարցում լինել տեղեկացված և հնարավորինս մասնակցել խաղաղ կարգավորման գործընթացին: «Եվ այս առումով իրանցիների ներկայությունը զգալի հավասարակշռող դերակատարություն ունի», նշեց նա:
Մյուս կարևոր խնդիրը Մերձավոր Արևելքում ընթացքող քաղաքական գործընթացներն են, որտեղ, ըստ մասնագետի, Իրանը գրանցել է լրջագույն հաջողություն, մասնավորապես, Իսլամական պետության դեմ պայքարում: Եվ սա Հայաստանին հետաքրքիր է ոչ միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Մերձավոր Արևելքում ունի մեծ հայկական համայնք, ունենք որոշակի հարաբերություններ այն երկրների հետ, որտեղ ընթանում է հակաահաբեկչական պայքարը, այլ նաև հաշվի է առնվում այն խնդիրը, որ ահաբեկիչների որոշ հատված սերում է մեր հարևան Ադրբեջանից:
«Եթե անդրադառնանք տնտեսական ոլորտին, հայկական և իրանական կողմերը շահագրգռված են, որպեսզի այդ հարաբերությունները հասցվեն քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այս ոլորտում նախ կարևորվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, չափազանց կարևորվում է էներգետիկ ոլորտում գործակցությունը, այդ մասին Իրանի արտգործնախարարը հատուկ շեշտադրում արեց, իրանական ներդրումները Հայաստանում: Մեծ կարևորություն ունեն Հայաստանը Պարսից ծոցին մի կողմից, մյուս կողմից Սև ծովին կապող ծրագրերը, ինչի մասին շեշտադրեց Հայաստանի արտգործնախարարը՝ հաստատելով, որ Հայաստանն ամենակարճ ուղին է Պարսից ծոցը Սև ծովին կապելու տրանսպորտային միջանցքների տեսանկյունից», նշեց նա:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ էներգետիկ ոլորտում կարևոր ծրագրեր կան, մասնավորապես չափազանց կարևոր է վերջերս արդիականացված Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրը: Մյուս կարևոր ծրագիրը էներգետիկ ոլորտում համագործակցությունն է հետևյալ ձևաչափերով՝ «Թուրքմենստան, Իրան, Հայաստան», «Իրան, Հայաստան, Վրաստան», որոնք Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհքաղաքական նշանակություն կունենան:
Մասնագետը նկատում է, որ իրանցիների հետ բանակցելն ամենևին էլ հեշտ գործ չէ, քանի որ նրանք երկար բանակցողներ են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը շանս չունի այդ բանակցություններում հաջողություններ գրանցելու: Պետք է ամեն ինչ անել՝ օգտագործելու Իրանի ներուժը:
«Միակ գրավականը, որը մեր հաջողությունը կարող է ապահովել, դա մեր համառությունն է ու աշխատասիրությունը: Որքանով Հայաստանն է կարևոր Իրանի համար, նույնքան էլ Իրանն է կարևոր մեզ համար: Եվ մենք՝ որպես Հարավային Կովկասում մեր հետագա գոյությունը՝ որպես հզոր ու կայացած երկիր շարունակելու շահագրիգռ կողմ, ակնհայտ է, որ պետք է օգտագործենք Իրանի կողմից ընձեռվող բոլոր հնարավորություններն անխտիր: Սա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհքաղաքական կարևորություն: Իրանի հետ զարգացող հարաբերություններ ունեցող Հայաստանը բոլորովին այլ քաշային կարգում է, քան առանց դրա, և նույնը նաև Իրանի պարագայում է», ասաց իրանագետը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական