Գործարար միջավայրի վերաբերյալ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից օգտվելը բխում է ձեռնարկատերերի շահերից


Գործարար միջավայրի վերաբերյալ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից օգտվելը բխում է ձեռնարկատերերի շահերից

  • 28-11-2017 18:35:22   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Գործարար միջավայրին վերաբերող ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին օր առաջ իմանալը բխում է ձեռնարկատերերի շահերից: 
 
Այս մասին նոյեմբերի 28-ին Երևանում կայացած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային մեթոդաբանության վարչության ղեկավար Արման Պողոսյանը՝ կոչ անելով իրանցի գործարարներին ուսումնասիրել և ակտիվորեն օգտվել 2018 թվականից ուժի մեջ մտնող Հարկային նոր օրենսգրքի ընձեռած հնարավորություններից:  
 
Ըստ նրա՝ ՀՀ-ն նոր քայլեր է կատարում կարևոր միջանցիք միջավայր դառնալու համար իրանցի գործարարների համար: 
 
«Հարկային օրենսգրքի մշակման հիմնական նպատակադրումներից մեկը եղել է ՀՀ գործարար միջավայրի բարելավումը, օտարերկրյա ներդրումների համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորումը և, առհասարակ, ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայրի ապահովումը, որտեղ օտարերկրյա կապիտալն իրեն կարող է զգալ ավելի երաշխավորված ու հարմարավետ»,- ընդգծեց Ա. Պողոսյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝  նոր կարգավորումներով տրվում են այնպիսի լուծումներ, որոնք գործարարներին հնարավորություն են տալիս, մասնավորապես, արտահանման գործարքները կազմակերպել ավելի նպաստավոր միջավայրում և հնարավորություն ունենալ լուծել արտահանող ընկերություններին հետաքրքրող ամենակարևոր խնդիրը՝ ԱԱՀ-ի կարճ ժամկետներում պարզեցված ընթացակարգերով վերադարձնելու խնդիրը: 
 
ՊԵԿ Հարկային մեթոդաբանության վարչության ղեկավարի խոսքերով՝ այս առումով երկու հիմնական քայլեր են կատարվել. Առաջին՝  հնարավորություն է ստեղծվել, որպեսզի մինչև 20 մլն դրամ մեծությամբ ԱԱՀ բեռի վերադարձի գործընթացը կազմակերպվի ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն 4 օրում, եթե հարկ վճարողը չի բնութագրվում որպես ռիսկային հարկ վճարող: 
 
«Սա կարծում եմ շատ կարևոր և առաջադեմ քայլ է, որը չեն արել անգամ զարգացած հարկային համակարգ ունեցող երկրները»,- նկատեց Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը կարևորելով արտահանության աջակցությունը՝ գնացել է այդ քայլին, որից պետք է օգտվեն օտարերկրյա գործարարները:  
 
Ըստ նրա՝ ՀՀ հարկային համակարգում առաջին անգամ հնարավորություն է ընձեռնվում ԱԱՀ-ի մնացորդային գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև երկրի ներքին տարածքում գործունեություն իրականացնողներին: 
 
Ա. Պողոսյանի գնահատմամբ՝  սա ևս աննախադեպ և շատ կարևոր քայլ է, որն ուղղված է ձեռնարկատերերի շրջանառու միջոցների համալրման խնդրի լուծմանը: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play