Սերգեյ Ժելեզնյակն իրենց փորձագետ համարողներին կոչ է անում չսադրել և չվիրավորել այլ ազգերին


Սերգեյ Ժելեզնյակն իրենց փորձագետ համարողներին կոչ է անում չսադրել և չվիրավորել այլ ազգերին

  • 28-11-2017 18:34:35   | Ռուսաստան  |  Քաղաքական

«Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիայի հերթական փուլի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձ է կատարել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկահարույց ռեպորտաժին, որում լրագրողը հնչեցրել էր հակահայկական արտահայտություններ:
 
Սերգեյ Ժելեզնյակը  հստակեցրել է, որ  Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, ժողովրդավարական երկիր է, եւ ցանկացած մարդ կարող է ունենալ իր տեսակետը:
«Մի բան է, երբ դա մասնավոր մարդու կողմից է հնչեցվում, եւ մի այլ բան է, երբ դա ասում է պետական գործիչը։ Այս առումով, ես խորհուրդ կտայի կենտրոնանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի հայտարարությունների, ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ կառավարության տեսակետի եւ, առհասարակ, ՌԴ պետական մարմինների հայտարարությունների վրա, որոնք կարող են ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական տեսակետը», - ընդգծեց նա:
Օրերս ռուսական «Время покажет» հաղորդաշարի հերթական քննարկման ժամանակ իր հակահայկական դիրքորոշումն էր արտահայտել նաեւ ռուս հասարակական գործիչ, լրագրող Մաքսիմ Շեվչենկոն: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի հաղորդման շրջանակում հնչած արտահայտությունները, Սերգեյ Ժելեզնյակն ասաց.
«Ես շատ կուզենայի, որ  փորձագետները կամ նրանք, ովքեր իրենց փորձագետ են համարում,  հանրային ելույթների ժամանակ չսադրեին իրենց արտահայտություններով, որոնք  կարող են վիրավորել այս կամ այն ազգին: Ռուսաստանը բազմազգ երկիր է, այստեղ ապրում է ավելի քան 2 մլն հայ, եւ դա մեր հասարակության հարգարժան հատվածն է: Այս առումով ընդունելի չէ հնչեցնել ցանկացած ազգության մասին նման հայտարարություններ, որոնք ունեն վիրավորական բնույթ այդ ազգի ներկայացուցիչների համար: Նրանք, ովքեր զբաղվում են հասարակական, քաղաքական գործունեությամբ, պետք է լինեն կրկնակի  պատասխանատու իրենց ասածի եւ արածի համար»,-ասաց նա:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական