Հայ ընտանիքների ու հասարակության նկատմամբ վտանգը դեռ պահպանվում է, Փաստաբանների պալատը փորձում է հնարավորինս չեզոքացնել այն
28-11-2017 21:11:17 | Հայաստան | Իրավունք
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր պալատում հանդես գալով մամուլի ասուլիսով, համառոտ ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ու հարակից օրենքների նախագծերի առնչությամբ պալատի հիմնական մտահոգությունները և Ազգային ժողովին ուղղված առաջարկությունները, որոնց ընդունման դեպքում խնդրո առարկա փաստաթղթերն այլևս չեն ունենա այն վտանգավոր դրույթները, որոնք պարունակում են այժմ:
Խնդիրն այն է, որ հիշյալ օրենքի նախագիծն ինչպես անվանափոխությունից և որոշ փոփոխությունների ենթարկվելուց առաջ (նախկինում կոչվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ), այնպես էլ այժմ շարունակում է վտանգավոր ու խնդրահարույց լինել հայ ընտանիքների և հասարակության համար:
Կառավարությունը, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. նոյեմբերի 16-ի թիվ 1433-Ա որոշմամբ հավանություն է տվել հիշյալ օրենքի նախագծին և մի շարք օրենսգրքերում և օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ինչպես նաև որոշել է դրանք շտապ կարգով ուղարկել ԱԺ, որպեսզի խորհրդարանն ընդունի այն: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ այսօր պալատում հրավիրած մամուլի ասուլիսում համառոտ ներկայացրեց այն վտանգները, որոնք կարող են պատուհասել մեր ընտանիքներին ու հասարակությանը, եթե օրենքն ընդունվի այն տեսքով, ինչ ԱԺ ներկայացված օրենքի նախագիծն է:
«Մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ այդ օրինագծով, ի վերջո, պետական մարմիններին տրվելու է լիազորություն` ներխուժել ընտանիք, իսկ սա կոնկրետ ինձ, որպես փաստաբանի, անհանգստացնում է, որովհետև եթե մենք պետական կառույցներին տալիս ենք ընտանեկան հարաբերություններին միջամտելու հնարավորություն, ապա, բնականաբար, լինելու է նաև ռիսկ` մարդկանց իրավունքները խախտելու տեսակետից,- ասաց պալատի նախագահը:- Այս առումով, կարծում եմ, պետք է հենց հիմա մենք հնարավոր կանխատեսումներով առավել որոշակի պայմաններ նախատեսենք, որպեսզի մարդկանց իրավունքները չխախտվեն»:
Բռնությունների նոր տեսակները ընտանեկան միջանձնային հարաբերություններում սխալ մեկնաբանելը և ծնողների դաստիարակչական գործառույթների հետ անհարկի նույնացնելը բացառելու համար, պալատն Ազգային ժողովին առաջարկում է նախագծում ներառել հետևյալ նախադասությունը.
«Ծնողի դաստիարակչական այն գործառույթը, որը սահմանափակում է երեխայի իրավունքները և ազատությունները` ելնելով երեխայի շահից, չի կարող համարվել բռնություն և առաջացնել որևէ պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքի»:
«Այս ձևակերպումով, կարծում եմ, կկարողանանք պաշտպանել ծնողին,- ասաց բանախոսը:- Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. օրինակ, 14 տարեկան երեխան փորձում է կռվի մեջ մտնել իր հասակակցի հետ, և ծնողը փորձում է կռվի վայրից երեխային բերել այս կողմ, բայց երեխան չի ենթարկվում ծնողին, այսինքն` ծնողը երեխային ետ բերելու համար պետք է ֆիզիկական ուժ կիրառի, օրինակ, երեխային բռնի ու քաշելով բերի տուն: Այս արարքը, բնականաբար, բոլորս էլ լավ հասկանում ենք, չի կարող համարվել բռնություն երեխայի նկատմամբ, որովհետև դա արված է երեխայի շահերից ելնելով, այսինքն՝ ծնողը երեխային վտանգից փորձել է մեկուսացնել: Նմանատիպ իրավիճակները մենք չենք կարող բոլորը թվարկել և կարգավորել օրենքով, հետևաբար այս կետով մենք փորձելու ենք ծնողներին պաշտպանել նմանատիպ իրավիճակներից, ձևակերպման նպատակը հենց դա է»:
Պալատն առաջարկում է նախագծում ներառել նաև հետևյալ նախադասությունը. «Արգելվում է ընտանիքի նյութական վատ վիճակով պայմանավորված` երեխաներին ծնողներից հարկադրաբար վերցնել»: Պալատի նախագահի տեղեկացմամբ, այս ձևակերպումն անհրաժեշտ է, որովհետև ապագայում հնարավոր է, որ այս օրենքի ընդունումից հետո, ինչ-ինչ մարմիններ, օրինակ, հատուկ սոցիալական ծառայությունները փորձեն ավելի խորանալ և, ասենք, ստուգեն` երեխային արդյոք լա՞վ են պահում այդ տանը:
«Այսօր հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակը, վստահ եմ, որ բնակչության որոշակի տոկոս ինքն էլ չի կարողանում բավարար չափով ստանալ այն, ինչ պետք է ստանար, ասենք, սնվել ըստ հավուր պատշաճի,- ասաց Ա. Զոհրաբյանը:- Այս առումով որպեսզի այս օրինագիծը հետագայում նմանատիպ ընտանիքներին չսարքի խոցելի թիրախ և նրանցից երեխաներին չվերցնեն այս հիմքով, ուղղակի ապահովագրելու, երաշխավորելու համար ծնողների իրավունքները, այդ ձևակերպումն ենք առաջարկել»:
Պալատի առաջարկներից մեկը վերաբերում է երեխայի շահերի առաջնահերթության սկզբունքը երեխայի շահի սկզբունքով փոխարինելուն: Այս փոփոխությունն առաջարկվում է հետագա կամայական մեկնաբանություններից խուսափելու համար: Երեխայի շահն իր ընտանիքում սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտում բնակվելն է:
Պալատն առաջարկում է նաև՝ նախագծով սահմանել «Ամուսիններ» հասկացությունը հետևյալ կերպ. «Ամուսիններ՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած տղամարդն ու կինը, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդն ու կինը, ովքեր ոչ պակաս, քան մեկ տարի բնակվում են համատեղ կամ ունեն ընդհանուր երեխա կամ բնակվում են համատեղ, և կինը հղի է»:
Կառավարության կողմից ԱԺ ներկայացված նախագծի համաձայն, ամուսին է համարվում նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը, ինչը, բնականաբար, առաջացնում է հարցականներ ու մտահոգություններ: Պալատի նախագահի հավաստմամբ, տվյալ ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ «փաստական ամուսնական հարաբերություններ» եզրույթն անծանոթ է Հայաստանի օրենսդրությանն ու իրավական համակարգին:
Ավելին. առկա նախագծով տրված չէ փաստական ամուսնությունների սահմանումը, այլ միայն նշված է ամուսնական հարաբերությունների տվյալ կատեգորիան: Նման պայմաններում, ըստ Ա. Զոհրաբյանի, իրավակիրառողը հնարավորություն չի ունենալու ճշգրիտ որակել միջանձնային հարաբերությունները և ստիպված է լինելու առաջնորդվել իր սուբյեկտիվ պատկերացումներով, ինչն անթույլատրելի է իրավական պետությունում: Քննարկվող դեպքում փաստական ամուսնական հարաբերությունների օրենսդրական սահմանումը պետք է կատարվի այնպես, որպեսզի հաշվի առնվեն տղամարդու և կնոջ համակեցության այլ տարատեսակների առանձնահատկությունները, և նրանց միջև հարաբերության ցանկացած այլ դրսևորում չորակվի որպես փաստացի ամուսնական բնույթ ունեցող:
«Բռնությունների նոր տեսակների սահմանումներում առաջարկել ենք կատարել որոշակի փոփոխություններ,- ասաց բանախոսը:- Մասնավորապես` հոգեբանական բռնությունը ձևակերպված է նաև հետևյալ կերպ. «դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում»:
«Վախ» բառը մենք փորձել ենք փոխել «համոզմունք» կամ «կասկած» բառերով, որովհետև վախն ինքնին իռացիոնալ տարր պարունակող հոգեվիճակ է, այն դնել արարքի որակման հիմքում, նշանակում է կամայականության աստիճանի հասնող հայեցողական լիազորություն տալ իրավակիրառողին, որովհետև մենք չգիտենք այդ անձի հոգեվիճակը, և այս առումով կարող են շատ բացասական հետևանքներ լինել: Այս առումով որոշակի փոփոխությունների առաջարկներ ներկայացրել ենք»:
Պալատի նախագահի տեղեկացմամբ, մյուս առաջարկը վերաբերում է պաշտպանության միջոցներին: Նախագծով նախատեսված են երեք տեսակի պաշտպանության միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանական որոշում:
«Նախազգուշացման առումով օրենսդիրը կիրառում է հետևյալ ձևակերպումը՝ նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ առերևույթ՝ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ չի պարունակում և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն,- ասաց Ա. Զոհրաբյանը:- Այդ դեպքում ոստիկանությունը կարող է նախազգուշացման որոշում կայացնել: Ինչումն է կայանում խնդիրը. իրավակիրառողի կողմից իրականացվելիք վարչարարության իրավաչափության չափանիշը շատ ցածր է, այսինքն՝ ցանկացած իրավիճակում ոստիկանը կարող է գալ և արձանագրել, որ այստեղ կան այս նախազգուշացման հիմքերը: Ցանկացած, նույնիսկ փոքրիկ վեճի դեպքում ոստիկանը կարող է մտնել և այդ հիմքով նախազգուշացնել:
Իսկ ինչու ենք մտածում, որ նախազգուշացումը կարող է լուրջ հետևանք առաջացնել: Որովհետև նախազգուշացումից հետո անձը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, մասնավորապես՝ հնարավոր է, որ անձի նկատմամբ, երկրորդ անգամ իր հետ կապված նման խնդրով, հաջորդ փուլին անցնեն, և ավելին՝ այդ անձն արդեն վերցվում է ընդհանուր հսկողության դաշտ: Այսինքն՝ արդեն կարող են այդ ընտանիքին դիտարկել որպես «վտանգավոր ընտանիք», և ընտանիքի նկատմամբ արդեն լինեն անբարենպաստ հետևանքներ: Մենք առաջարկում ենք ընդհանրապես հանել «նախազգուշացում» պաշտպանության միջոցը»:
Պալատն առաջարկում է նաև նախագծով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կայացնելու լիազորությունը ոստիկանությունից փոխանցել սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: Ոստիկանությանը պետք է լիազորել ընդամենն աջակցել տվյալ գործընթացին: Պալատի առաջարկության համաձայն, սույն միջոցի կիրառման իրավաչափության համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանի միաժամանակյա առկայությունը՝
ա. ընտանիքի անդամի նկատմամբ բռնության կիրառում.
բ. հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին:
Սույն պարագայում ընտանիքում բռնության որևէ դրսևորման՝ ապագայում կրկնվելու հավանականությունը որոշելու համար անհրաժեշտ է դեպքի հանգամանքների բազմակողմանի քննություն և վերլուծություն, ընտանեկան փոխհարաբերությունների բնույթի պարզում, համապատասխան հատուկ գիտելիքների տիրապետում և այլն: Հետևաբար, ինչպես հավաստեց պալատի նախագահը, ապացուցման այն չափանիշը, որն առաջարկվում է նախագծով, այն է՝ հիմնավոր ենթադրությունը, չի երաշխավորում իրավակիրառ մարմնի կողմից մանրամասն և բազմակողմանի փաստահավաք գործունեության իրականացում, ինչն ստեղծում է սխալ որակման, իրավասու պետական ծառայողի կողմից վարչական կամայականության և, որպես դրա հետևանք, անձի իրավունքների անիրավաչափ և անհարկի սահմանափակման վտանգ:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անհետաձգելի միջամտության որոշման վերաբերյալ օրենքի նախագծի 7-րդ հոդվածում նշված սահմանափակումների զգալի մասը վերաբերում է անձի սահմանադրական իրավունքներին, ինչպես նաև հատկապես հոգեբանական և տնտեսական բռնության մասով պահանջում է հոգեբանական և այլ հատուկ գիտելիքներ, ոստիկանությանը նախագծով նախատեսված ընդարձակ լիազորություններ տալը, ըստ պալատի, կարող է առաջացնել կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների մոտ հատուկ գիտելիքների պակասի կամ բացակայության հետևանքով գործնական իրավիճակների սխալ որակման և սխալ որոշումների ընդունման հետևանքով մարդու իրավունքների խախտումներ:
Փաստաբանների պալատի նախագահը հրապարակեց նաև օրենքի առկա նախագծի հետ կապված պալատի այլ մտահոգություններ և առաջարկություններ, որոնք այսօր մտադիր էր ուղարկել ԱԺ, և որոնք ծավալի մեծ լինելու պատճառով և ընթերցողներին չհոգնեցնելու նպատակադրմամբ առաջիկայում կներկայացնենք մեկ այլ հոդվածով: