Արգելված չէ մեր երեխաների տեղափոխումն ապաստարաններ, որոնք կարող են հիմնվել արտերկրում


Արգելված չէ մեր երեխաների տեղափոխումն ապաստարաններ, որոնք կարող են հիմնվել արտերկրում

  • 29-11-2017 20:57:17   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նրա տեղակալ Վիգեն Քոչարյանը և այլ պաշտոնյաներ փորձում էին հերքել, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը Հայաստանին պարտադրվում է Եվրամիությունից, և որ այդ ընտանիքաքանդ, վտանգավոր օրենքն իրականում մեզ պետք չէ:
Սակայն, բավական է ընթերցել ՀՀ կառավարության ս. թ. նոյեմբերի 16-ի թիվ 1432-Ա որոշումը` այժմ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերանվանված, սակայն դրանից իր վտանգավորությունը չկորցրած ՀՀ օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու վերաբերյալ, և, կարծում ենք, արդեն ամեն ինչ պարզ կլինի: Կառավարությունը նույն որոշմամբ անհետաձգելի է համարել նաև և հիշյալ օրենքի նախագծի առնչությամբ այլ օրենքներում, օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:
Կառավարության վերոնշյալ որոշման նախագիծը ներկայացրած ՀՀ արդարադատության նախարարությունը և այն ստորագրած նախարարը, ինչպես ասում են, ձեռքուոտք են ընկել, որպեսզի հիշյալ տնաքանդ օրենքն օր առաջ կամ հնարավորինս շուտ ընդունվի: Ի՞նչ է` իսկապես հրատապ, անհետաձգելի՞ է հիշյալ օրենքի ընդունումը, հայ ընտանիքներում այդքան շա՞տ են ֆիզիկական և այլ բռնարարները, նույնիսկ իրենց երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրող մոլագարները, և տվյալ օրենքը, եթե ընդունվի, կարո՞ղ է նրանց բռնության դեմն առնել, այն իրականում ունի՞ կանխարգելող բնույթ: Իհարկե՛ ոչ: Այդպիսինների քանակը Հայաստանում, ի տարբերություն Եվրամիության բազմաթիվ երկրների փչացած հասարակությունների, չնչին է: Ինչևէ, կառավարությունն ընդառաջել է նախարարի հիշյալ ցանկությանը` տվյալ օրենքի նախագիծը և կից օրինագծերի փաթեթն անհետաձգելի համարելով: Եվ, ահա, վաղը` նոյեմբերի 30-ին, կառավարության հավանությանն արժանանալուց ընդամենը 2 շաբաթ անց, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է այդ ընտանիքաքանդ, ոստիկանությանը և այլ մարմիններին ընտանիքի նկատմամբ բռնության հնարավորություններ ընձեռող, այսինքն` իրականում ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրենքի նախագիծն ու կից օրինագծերի փաթեթը:
Մինչ օրենքի նախագծին իր որոշմամբ հավանություն տալը, կառավարությունը հասկացե՞լ է այն վտանգները, որոնք կախվելու են հայ ընտանիքների ու հասարակության գլխին, դրանք արդյոք հասկացե՞լ է վարչապետ Կարեն Կարապետյանը, այս պահին դժվարանում ենք ասել: Հուսանք, որ գոնե ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը և, ի վերջո, Ազգային ժողովը կհասկանան, և ոչ միայն կհասկանան, այլև կկարողանան չեզոքացնել ընտանիքաքանդ օրինագծի վտանգավորությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրենքի նախագծի կապակցությամբ լուրջ մտահոգություններ ունեն նաև ՀՀ փաստաբանների պալատը և պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անձամբ: Պալատն արդեն հրապարակել է հիշյալ օրենքի ու հարակից օրենքների նախագծերի առնչությամբ իր հիմնական մտահոգությունները և Ազգային ժողովին ուղղված առաջարկությունները, որոնք նաև պաշտոնապես է ուղարկել ԱԺ: Դրանց ամբողջական ընդունման դեպքում խնդրո առարկա փաստաթղթերում առկա վտանգները հիմնականում կչեզոքացվեն:
Պալատի առաջարկությունների մի մասը վերաբերվում է նախագծով նախատեսված պաշտպանության միջոցներին: Պալատն առաջարկում է նախագծի 6-րդ հոդվածով սահմանված «նախազգուշացում» պաշտպանության միջոցը (երեք տեսակի պաշտպանության միջոցներից մեկը) հանել: Ըստ նրա, նախագծով «նախազգուշացում» պաշտպանության միջոցը կարող է կիրառվել առերևույթ բռնության դեպքում: Սակայն տվյալ պարագայում իրավակիրառող մարմնի կողմից իրականացվելիք վարչարարության իրավաչափության չափանիշը, պալատի համոզմամբ, ցածր է, քանի որ պարտադիր չէ իրականացնել ապացույցների հավաքման և ընտանիքում բռնության կիրառման փաստը հիմնավորելու բազմակողմանի գործողություններ: Մինչդեռ, նախազգուշացումը՝ որպես վարչական ակտ, ունի բավական լուրջ իրավական հետևանքներ: Մասնավորապես՝ նախագծի 11-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համապատասխան, նախազգուշացման ենթարկված անձը ոստիկանության կողմից վերցվում է կանխարգելիչ հաշվառման, որը, ի թիվս այլոց, ներառում է սոցիալական աշխատողի կողմից առնվազն ամսական մեկ անգամ այցելություն և հանդիպում բռնության զոհերի և ենթադրյալ բռնարարների հետ, նրանց փոխհարաբերությունների վերաբերյալ փաստահավաք գործողությունների իրականացնում և այլն: Առնվազն միայն սույն դրույթը ենթադրում է անձի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակում, ինչը, ի դեպ, սահմանադրական իրավունք է:
Պալատն առաջարկում է նաև նախագծով սահմանված անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու, երկրորդ տեսակի պաշտպանության միջոցը կիրառելու լիազորությունը ոստիկանությունից փոխանցել սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: Ոստիկանությանը պետք է լիազորել ընդամենը աջակցել տվյալ պաշտպանության միջոցը կիրառելու գործընթացին:
Սույն միջոցի կիրառման իրավաչափության համար պալատն անհրաժեշտ է համարում միաժամանակյա առկայությունը հետևյալ երկու պայմանի՝
ա. ընտանիքի անդամի նկատմամբ բռնության կիրառում.
բ. հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին:
Սույն պարագայում ընտանիքում բռնության որևէ դրսևորման՝ ապագայում կրկնվելու հավանականությունը որոշելու համար անհրաժեշտ է դեպքի հանգամանքների բազմակողմանի քննություն և վերլուծություն, ընտանեկան փոխհարաբերությունների բնույթի պարզում, համապատասխան հատուկ գիտելիքների տիրապետում և այլն: Հետևաբար ապացուցման այն չափանիշը, որն առաջարկվում է նախագծով, այն է՝ հիմնավոր ենթադրությունը, ըստ պալատի, չի երաշխավորում իրավակիրառ մարմնի կողմից մանրամասն և բազմակողմանի փաստահավաք գործունեության իրականացում, ինչն ստեղծում է սխալ որակման, իրավասու պետական ծառայողի կողմից վարչական կամայականության և, որպես վերոնշյալ բացի արդյունք, անձի իրավունքների անիրավաչափ և անհարկի սահմանափակման վտանգ:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անհետաձգելի միջամտության որոշման վերաբերյալ օրենքի նախագծի 7-րդ հոդվածում նշված սահմանափակումների զգալի մասը վերաբերում է անձի սահմանադրական իրավունքներին, ինչպես նաև հատկապես հոգեբանական և տնտեսական բռնության մասով պահանջում է հոգեբանական և այլ հատուկ գիտելիքներ, ոստիկանությանը նախագծով նախատեսված ընդարձակ լիազորություններ տալը, ըստ պալատի, կարող է առաջացնել կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների մոտ հատուկ գիտելիքների պակասի կամ բացակայության հետևանքով գործնական իրավիճակների սխալ որակման և սխալ որոշումների ընդունման հետևանքով մարդու իրավունքների խախտումներ:
Պալատն անհրաժեշտ է համարում սահմանափակել բռնություն գործադրած անձին, որպես անհետաձգելի միջամտության տեսակ, կացարանից վտարելու հնարավորությունը, եթե ենթադրյալ բռնություն գործադրողը նույն կացարանի սեփականատերն է: Այս դեպքում պետք է ապահովվել բռնության ենթարկված անձի տեղափոխումը տվյալ բնակության վայրից:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով պաշտպանվում է մարդու սեփականության իրավունքը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը  սահմանում է անձի արդար դատաքննության իրավունքը բոլոր այն դեպքերում, երբ իրեն առաջադրվել է քրեական մեղադրանք: Ընդ որում, ՄԻԵԴ-ը «քրեական հանցագործություն» եզրույթը համարում է ինքնավար եզրույթ և այն գնահատելիս հիմնվում է ոչ միայն և ոչ այնքան ներպետական օրենսդրության, որքան իր կողմից  մշակված մի շարք փոխկապակցված պարտադիր սկզբունքների վրա: Այդ սկզբունքներն են՝ օրենսդրությամբ խնդրո առարկա արարքին տրված դասակարգումը կամ որակումը, արարքի բնույթը և պատժի կամ սանկցիայի բնույթը (Engel and Others v Netherlands, 8 հուլիսի, 1976թ.): Ընդ որում, եթե տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված արարքը քրեականացված չէ, սակայն բավականաչափ խիստ է, ապա ՄԻԵԴ-ի կողմից պետության դիրքորոշումն արարքի որակման հարցում ստորադասվում է իր կողմից մշակված մնացյալ երկու ավտոնոմ սկզբունքներին:
Այս սկզբունքների համադրումը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ ցույց է տալիս, որ նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկային, քանի որ սույն պարագայում նախագծով նախատեսված անհետաձգելի որոշման տարատեսակը, այն է՝ ենթադրյալ ընտանեկան բռնության համար մեղադրվող անձին բնակարանից վտարելը այն դեպքում, երբ այն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, հանդիսանում է քրեական մեղադրանքի հիման վրա կայացված որոշում՝ ելնելով այն հանգամանքից, որ թե՛ այն արարքը, որի համար նախագծով նախատեսված է բնակարանի սեփականատիրոջ վտարում, թե՛ վտարումը՝ որպես ենթադրյալ իրավախախտման անբարենպաստ իրավական հետևանք, համապատասխանում են քրեական մեղադրանքի՝ Կոնվենցիայով նախատեսված հասկացությանը: 
Պալատի մեկ այլ առաջարկ վերաբերում է նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված անհետաձգելի միջամտության տարատեսակները (ընտանիքի անդամների հետ շփվելը, հեռավորություն սահմանելը և հեռախոսային և կապի այլ միջոցներով ընտանիքի անդամի հետ հաղորդակցվելու արգելքը) հանելուն:
Ընտանեկան օրենսգրքի 52-67-րդ հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն իրավունք ունեն իրականացնել իրենց երեխաների դաստիարակությունը, իրենց երեխաների կրթության, դաստիարակության և մնացյալ հարցերը լուծում են համատեղ և փոխադարձ համաձայնությամբ: Ավելին. եթե նման համաձայնություն ձեռք չի բերվում, այդ հարցը ենթակա է խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ դատարանի քննությանը: 
Պալատն իր առաջարկություններում այս կապակցությամբ նշել է նաև, որ նույնիսկ երեխայից առանձին ապրելու դեպքում ծնողն իրավունք ունի շփվել երեխայի հետ, մասնակցել նրա դաստիարակությանը, լուծել երեխայի կրթություն ստանալու հարցերը: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը: 
Ըստ պալատի, հատկանշական է, որ երեխայի հետ շփվելու արգելքը, Ընտանեկան օրենսգրքի համաձայն, վերաբերում է միայն ծնողական իրավունքներից զրկելու դեպքերին, իսկ նման լիազորություն ունի միայն դատարանը՝ դատավարությանը խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: 
Առանց դատարանի որոշման, հաղորդակցության արգելքը, պալատի հավաստմամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածին, որի համաձայն՝ հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել դատարանի որոշմամբ և այն էլ նշված հոդվածով նախատեսված առանձնահատուկ դեպքերում: Տվյալ պարագայում գործ ունենք Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց այնպիսի իրավաձևակերպման հետ, որն առաջացնում է նաև ընտանեկան հարաբերություններին պետության անհամաչափ միջամտության նոր հնարավորություն, ինչը հղի է ընտանիքի ինստիտուտի կայունությունը խարխլելու իրական ռիսկերով:
Պալատն առաջարկում է նախագծից հանել նաև նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կիրառման սուբյեկտ հանդիսացող անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու իրավակարգավորումը, թողնելով միայն հանցագործություն կատարած իրավախախտների հաշվառումը: Այս կապակցությամբ պալատը ներկայացրել է հետևյալ հիմնավորումը.
Ընտանիքում բռնություն կատարած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը ենթադրում է պետության կողմից այդ անձի նկատմամբ որոշակի ժամանակահատվածի ընթացքում մշտադիտարկման իրականացում, այդ թվում՝ այցելելով նրա բնակարան, կապ պահպանելով նրա հետ և այլն: Նշված միջոցառումները ենթադրում են անձի ազատության որոշակի սահմանափակում և կենցաղային անհարմարություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը մեծ մասամբ վերաբերում է ընտանիքում հանցագործություն չհանդիսացող բռնարարքներին, ենթադրվում է, որ նման բռնարարքներ գործադրած անձինք չունեն հանրային վտանգավորություն: Նման պայմաններում այն կարգավորումը, որ նախագծով նախատեսված պաշտպանական միջոցների ենթարկված անձինք պետք է վերցվեն կանխարգելիչ հաշվառման, հիմնավոր չէ և պետության կողմից մարդկանց կենսագործունեության նկատմամբ անհամաչափ հսկողություն իրականացնելու լծակներ է տրամադրում: Կանխարգելիչ հաշվառումը նպատակահարմար է կիրառել ընտանիքում բռնություն գործադրած այն անձանց նկատմամբ, որոնց վարքագիծն ունեցել է քրեաիրավական բնույթ, և որի համար նրանք ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Պալատն առաջարկում է նաև նախագծով նախատեսված ապաստարանների հիմնադրումը չթույլատրել մասնավոր կազմակերպություններին, սահմանել, որ ապաստարանները հիմնադրվում են բացառապես պետության կամ համայնքի կողմից: Ապաստարանները կարող են հավատարմագրային կառավարման հանձնվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպություններին: Ինչո՞ւ…
Ըստ պալատի հիմնավորման, այնպիսի հիմնարար խնդրի կանոնակարգումն ու լուծումը, ինչպիսին հանդիսանում է ընտանիքում բռնության կանխարգելումն ու ընտանիքում համերաշխության վերականգնումը, պետք է գտնվի պետության բացառիկ իրավասության տիրույթում: Այլ հարց է, որ պետությունը կարող է հավատարմագրային կառավարման հանձնել իր կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած ապաստարանները, սակայն այդ դեպքում պետությունը կամ համայնքը շարունակում են պահպանել ապաստարանի սեփականատիրոջ ու հիմնադրի կարգավիճակը և ցանկացած ժամանակ կարող են լուծել մասնավոր կառավարչի հետ կնքված պայմանագիրը: Կառավարիչներն էլ պարտադիր կարգով պետք է լինեն շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Այդպիսով նաև սույն զգայուն ոլորտը զերծ կմնա անհարկի առևտրայնացումից և ընտանիքում բռնության ենթարկված անձանց միջոցով շահույթ ստանալու` մասնավոր հատվածին բնորոշ սուբյեկտիվ ձգտումներից:
Պալատն անհրաժեշտ է համարում նախագծով նախատեսված լիազոր մարմնի ղեկավարին կից գործող Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի կազմում, ինչպես նաև ապաստարանների կառավարման մարմին համարվող խորհուրդների կազմում ներգրավել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց մեկական ներկայացուցիչ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցչի ներգրավումն առաջարկվում է` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված բացառիկ կարգավիճակը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում, և նկատի ունենալով, որ ընտանիքը գտնվում է ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգի առանցքում, այլև, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում է հասարակության բնական և հիմնական բջիջը:
Փաստաբանների պալատն առաջարկում է ապաստարանների հարցը կարգավորել հետևյալ կերպ.
1) սահմանել, որ ապաստարանը՝
- իր գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի համար լիազոր մարմնի սահմանած կարգով և ծավալով հրապարակում է հաշվետվություն.
- հետապնդում է նաև ընտանիքի անդամների միավորման (ընտանիքի վերականգնման) նպատակ.
- գործում է թափանցիկության և շահառուների կամավորության սկզբունքներով.
2) սահմանել, որ ապաստարանը պետք է ունենա խորհուրդ, որի  կազմը ձևավորվում է լիազոր մարմնի սահմանած կարգով և քանակով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և հասարակական կազմակերպության առնվազն մեկական ներկայացուցչից: 
Նախագծի 20-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ ապաստարանի նպատակային, թափանցիկ և հաշվետվողական գործունեության երաշխիքները, պալատի հավաստմամբ, լրամաշկման կարիք ունեն, քանի որ դրանք չեն անդրադառնում ապաստարանների գործունեության բոլոր կողմերի նկատմամբ հանրային և պետական վերահսկողության խնդիրներին, ինչը նախադրյալներ է ստեղծում անբարեխիղճ գործունեության համար:
Նախագծում, ըստ ՀՀ փաստաբանների պալատի, անհրաժեշտ է առանձին սահմանել ապաստարանի գործունեության վարչակազմակերպական հիմունքները, ինչը թույլ կտա օրենսդրորեն ամրագրել ապաստարանների կազմակերպման և գործունեության նվազագույն երաշխիքային պայմանները:
Ընդգծենք, որ ընտանիքաքանդ օրենքի նախագծում չկա որևէ դրույթ, որը կարգելի մեր երեխաներին տեղափոխել արտերկրում գտնվող ապաստարաններ: Այդ իսկ նպատակով անհրաժեշտ է օրենքի նախագծում ներառել նաև հետևյալ hոդվածը. 
Արգելվում է լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև նրանց կողմից հիմնված ոչ առևտրային կազմակերպության կամ այլ ոչ առևտրային իրավաբանական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս ապաստարանի հիմնադրումը, ինչպես նաև որևէ անձի կամ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնադրված ապաստարան ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի տեղափոխումը: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play