Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները


Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները

  • 30-11-2017 13:25:48   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոտին՝ քննարկելու հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները։ 
Նախարար Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝ օգտագործելով չիրացված ներուժը։
 
Ժոնաթան Լաքոտն իր հերթին համոզմունք է հայտնել, որ հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։ Դեսպանն այս համատեքստում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան։ 
Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում ներկայացված ֆրանսիական բիզնեսն ընդլայնվելու մտադրություն ունի։ Դեսպանը հավելել է, որ արդեն իսկ հասցրել է հանդիպել որոշ ներդրողների  հետ, և կարող է փաստել, որ ֆրանսիացիները ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում՝ հաշվի առնելով նաև Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական, եվրասիական և իրանական շուկաներ։ 
Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ շուտով կբացվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչը կարող է ֆրանսիական բիզնեսի գործունեության համար նոր հնարավորություններ ստեղծել։ Նախարարը ևս համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարևոր ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Նախարարի խոսքով՝ այն էլ ավելի մեծ վստահություն կներշնչի եվրոպացի և մասնավորապես ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով նաև այն բարեփոխումները, որոնք Հայաստանը իրականացրել և շարունակելու է իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագրի շրջանակներում ևս։ 
«Մենք պատրաստ ենք լինել Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսի կողքին, աջակցել նրան և բոլոր ջանքերն ուղղել այնպիսի միջավայրի և պայմանների ապահովմանը, որոնք անհրաժեշտ են ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն իրականացնելու համար», - նշել է նախարար Կարայանը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն