Վազգեն Մանուկյանն ընդունել է Բելգիայի դեսպանին և դեսպանության առաջին քարտուղարին


Վազգեն Մանուկյանն ընդունել է Բելգիայի դեսպանին և դեսպանության առաջին քարտուղարին

  • 30-11-2017 13:37:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյին (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանատան առաջին քարտուղար Վան Կերեբրոեքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը: 
 
 
Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես օրերս Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ հույս հայտնելով, որ նոր համաձայնագիրը է´լ ավելի կսերտացնի Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունն ու դերը: 
 
 
Անդրադառնալով «բրեքսիթին»ն և Ուկրաինայի օրինակներին՝ ՀԽ նախագահն ընդգծել է, որ «կամ´, կա´մ» քաղաքականությունը ցանկալի է փոխարինել «և´, և´»-ով, ինչն առավել արդյունավետ ճանապարհ է, և Հայաստանը գնացել է հենց այդ ճանապարհով: 
 
 
Քննարկվել է նաև ՀՀ Հանրային խորհրդի գործունեությունն ու աշխարհում համանման կառույցների դերը: Բելգիայի դեսպանը, որը ժամանակին գործունեություն է ծավալել Բելգիայի համապատասխան կառույցներում, ընդգծել է այդ կառույցների կարևորությունը երկրի զարգացման գործում: 
 
 
Կողմերն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության խնդրին: Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ խնդրի կարգավորման գործում էական նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը, և եթե Ադրբեջանը քաղաքական կամք ունենա ընդունելու Արցախի անկախ լինելու իրավունքը, ապա մյուս հարցերը, որոնք վերաբերում են տարածքներին, փախստականներին և այլն, հնարավոր կլինի արագորեն լուծել բանակցությունների միջոցով: 
 
 
Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն