Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց ձայնի փոխանցման VoLTE նոր տեխնոլոգիան, որի ներդրմամբ մեր երկիրն աշխահում 29-րդն է (տեսանյութ)


Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց ձայնի փոխանցման VoLTE նոր տեխնոլոգիան, որի ներդրմամբ մեր երկիրն աշխահում 29-րդն է (տեսանյութ)

  • 01-12-2017 17:32:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Ucom ընկերությունն իր շարժական կապի բաժանորդների համար առաջինը Հայաստանում գործարկեց VoLTE «ձայնը LTE ցանցի միջոցով» տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարելու հնարավորությունը: 
 
Հեռահաղորդակցության ոլորտում ձայնի փոխանցման այս նոր տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները միմյանց հետ 4G ցանցում հեռախոսազանգի միջոցով կապ կհաստատեն 2 վայրկյանից էլ քիչ ժամանակահատվածում և կունենան միմյանց լսելու ավելի բարձր որակ: 
 
Voice over LTE տեխնոլոգիայի կիրառմամբ՝ բաժանորդները կկարողանան միաժամանակ համացանցում շփվել մտերիմների հետ, դիտել նախընտրած ծրագիրը, ֆիլմը կամ հաղորդումը շարժական հեռուստատեսության միջոցով, նաև պատասխանել մուտքային զանգերին: Ավելին՝ զանգի ընթացքում VoLTE տեխնոլոգիայով աշխատող հեռախոսը կարելի է օգտագործել որպես ինտերնետի հասանելիության կետ այլ սարքերի համար:  
 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը, իրենց ընկերությունը շարունակում է փնտրել և Հայաստանում ներդնել նոր տեխնոլոգիաներ, որոնք հայ սպառողին հնարավորություն կտան շարժվել ժամանակի պահանջներին համահունչ: 
 
Ըստ նրա՝  Ucom-ի տեխնիկական անձնակազմն ամիսներ շարունակ աշխատել է, որպեսզի ընկերության բաժանորդներն առաջինը Հայաստանում մուտք գործեն հաղորդակցման նոր դարաշրջան: 
 
«Ազդանշանը տրվում է նոր բազային կայաններից, որոնք նախորդ տարվանից սկսած մեր ընկերությունը շարունակաբար տեղադրել է Հայաստանի 150-ից ավելի բնակավայրերում»,- նշեց Գ. Գևորգյանը՝ շեշտելով, որ Ucom-ի նորամուծության շնորհիվ՝ Հայաստանն աշխարհում դարձավ 29-րդ երկիրը, որտեղ հասանելի է VoLTE տեխնոլոգիան: 
 
Տեխանձնակազմի ղեկավարի խոսքերով՝ բացի նշյալ տեխնոլոգիայի ներդնումը, վերջին մեկ տարվա ընթացքում Ucom-ն աշխատանքներ է տարել 3G ցանցում ծածկույթը լավացնելու համար, արդյունքում՝ Երևանի, Արմավիրի և Արարատի հատվածում ցանցն ամբողջությամբ վերափոխվել է և հագեցվել տեխնիկական նոր սարքավորումներով: 
 
Գ. Գևորգյանի գնահատմամբ՝ հսկայական աշխատանքներ են տարվել նաև մարզերում: 
 
Նա, մասնավորապես, նշեց. «Այժմ մարզերում մեր 3G ցանցից օգտվում է բնակչության 99 տոկոսը, իսկ 4G+ ծածկույթը 2017 թվականի տվյալներով՝ հասանելի է 68 տոկոս բնակավայրերում. Այս ցուցանիշը հաջորդ տարի նախատեսվում է հասցնել 88 տոկոսի»:  
 
Իր հերթին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ վստահ քայլերով իրենց ընկերությունը Հայաստանում փոխում է բջջային ինտերնետի որակը: 
 
Նրա խոսքերով՝ LTE ցանցում Ucom ընկերությունը հայաստանյան մյուս օպերատորներից տարբերվում է նրանով, որ ունի երեք հաճախականություններով գործող LTE, և այն բջջային հեռախոսները, որոնք աշխատում են միաժամանակ մեկից ավելի LTE հաճախականությունում, ապա Ucom-ի ցանցում ունենում են 4G+ և կարողանում են աշխատել մինչև երեք հաճախականային տիրույթում: 
 
«Հայաստանի միջին արագությունը դարձել է 20 մբ/վ, Ucom-ինը՝ 30 մբ/վ, իսկ 2-րդ և 3-րդ օպերատորներինը՝ համապատասխանաբար 14 մբ/վ և 8 մբ/վ: Այսինքն, եթե մյուս օպերատորների միջին արագությունն այդքան ցածր չլիներ, ապա մեր երկիրն աշխարհում ավելի բարձր հորիզոնականներում կլիներ ներկայիս 50-րդի փոխարեն»,- նկատեց Հ. Եսայանը՝ շեշետելով, որ Ucom-ի 4G+ ցանցը տեխնոլոգիաների առումով մտնում է աշխարհի թոփ 11 ցանցերի մեջ:  
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ