Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

  • 01-12-2017 22:58:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Առանձնակի կարևորելով իրականացվող համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ունեն երկար տարիների գործընկերության փորձ, ինչի արդյունքում էլ այսօր շարունակվում են Երևանի համար կարևոր մի շարք ոլորտներում կյանքի կոչվել հաջողված ծրագրեր:
 
«Այսօր միասին ստորագրելու ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը, որն իր բնույթով եզակի է ոչ միայն իր ֆինանսական և բնապահպանական էական դրական ազդեցության տեսանկյունից, այլև հատկանշական է նրանով, որ Երևանի պատմության մեջ առաջին անգամ ստորագրվելու է ոչ սուվերեն վարկ: Այսպիսով Երևանը կլինի առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերներին ու հատկապես տիկին Վիոլեյն Սիլվեստրոյին, ում հետ համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք այսօր ստորագրելու ենք առաջին ոչ սուվերեն՝ համայնքային վարկը: Շնորհակալ ենք նաև այն պատրաստակամության համար, որ հայտնել եք Երևանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկի՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման գործընթացը համաֆինանսավորելու հետ կապված», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է՝ քննարկելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող, այսօր ստորագրվելիք դրամաշնորհային համաձայնագրին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն իսկապես անչափ կարևոր են Երևան քաղաքի համար: 
«Կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման շնորհիվ մայրաքաղաքում կլուծվեն բնապահպանական մի շարք խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երևանի առջև: Անչափ կարևոր է Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում նոր եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրի երկու գոտիների կառուցումը, որոնք ներառում են հոսքաջրերի հավաքման գծերն ու հավաքատեղին, գազի հավաքման կայանը, հոսանքի ստացման գեներատորը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Համոզված եմ, որ այս ծրագիրը ևս կիրականացվի ժամանակին և պատշաճ որակով»,- նշել է քաղաքապետը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանի թիմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշել է, որ համագործակցությունն իսկապես հաջողված է, արդյունքներն էլ՝ գոհացուցիչ: 
«Պարոն քաղաքապետ, համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, ունեցել են հաջող ընթացք և գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունը, ինչն իսկապես գոհացուցիչ է: Եվ հենց այս ամենի արդյունքում է, որ այսօր Երևանը դառնում է առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի կստանա վարկ միջազգային դոնոր կազմակերպությունից: Սա իսկապես պատմական պահ է և ևս մեկ ապացույցն է ԵՄ –Հայաստան համագործակցության սերտացման: Նաև համոզված եղեք, որ Երևանը վստահելի գործընկեր է բանկի համար, և մենք պատրաստակամ ենք մեր մասնակցությունն ունենալ ձեր կողմից առաջարկվող բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների բարեփոխումներին», - ընդգծել է Վազիլ Հուդակը:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play