Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերել դեկտեմբերի 12-ը Չեզոքության միջազգային օր հռչակելու Թուրքմենստանի նախաձեռնությանը


Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերել դեկտեմբերի 12-ը Չեզոքության միջազգային օր հռչակելու Թուրքմենստանի նախաձեռնությանը

  • 03-12-2017 17:17:28   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ը Չեզոքության միջազգային օր հռչակելու Թուրքմենստանի նախաձեռնությանը, որը միաձայն ընդունվել է 2017 թվականի փետրվարի 8-ին:  
 
Ինչպես Հայաստանում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների մասնակցությամբ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում  անցկացված բրիֆինգի ընթացքում նշեց Հայաստանում Թուրքմենստանի դեսպան  Մուհամետնիյազ Մաշալովը, դեկտեմբերի 12-ը թուրքմեն ժողովրդի պատմության մեջ բացարձակապես կարևոր ու անմոռանալի օր է: 
 
Ըստ նրա՝ 1995 թվականին հենց այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 50-րդ նիստի ժամանակ միաձայն կերպով ընդունեց բանաձև, որով ամրապնդվեց Թուրքմենստանի՝ մշտապես չեզոք պետություն լինելու կարգավիճակը: 
 
«Թուրքմենստանը ձեռք է բերել մի մոդել,որն անվանել է դրական չեզոքություն, և արդեն երկու տասնյակից ավելի է, ինչ ձևակերպել է հետևյալ ֆունդամենտալ սկզբունքները՝ խաղաղասիրություն, չմիջամտել  այլ պետությունների գործերի մեջ, հարգել նրանց ինքնորոշումը և տարածքային  ամբողջականությունը, չմասնակցել միջազգային ռազմական կազմակերպություններին ու բանակցություններին»,- նշեց Մուհամետնիյազ Մաշալովը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 12-ը հռչակել է Չեզոքության միջազգային օր անդամ բոլոր պետությունների համաձայնությամբ և Թուրքմենստանի նախաձեռնությամբ: 
 
Դեսպանի խոսքերով՝ նշյալ որոշումը վկայում է համաշխարհային հարթակում չեզոք Թուրքմենստանի բարձր հեղինակության և այն նշանակալից ներդրման մասին, որն ունեցել է Թուրքմենստանը գլոբալ խաղաղություն, անվտանգություն և կայուն զարգացում ապահովելու գործընթացում: 
 
Մուհամետնիյազ Մաշալովն ընդգծեց, որ Թուրքմենստանի նշանակալից դերը հատկապես նկատելի է ժամանակակից կյանքում, երբ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ղեկավարությամբ Թուրքմենստանն աշխարհին ներկայանում է որպես խաղաղասեր, դինամիկ զարգացող երկիր՝ բնակչության կայուն բարձրացող կենսամակարդակով, նաև համաշխարհային հանրությանն ինտեգրվելով փոխշահավետ գործակցության սկզբունքի հիման վրա: 
 
«Մշտապես դրական չեզոքությունը որպես Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմք՝ նպաստել է բարենպաստ միջազգային միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն է տվել այդ երկրին բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ»,- նկատեց Մուհամետնիյազ Մաշալովը: 
 
Վերջինս այս ենթատեքստում առանձնացրեց Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, որոնք 25 տարվա պատմություն ունեն:  
 
Հայաստանում Թուրքմենստանի դեսպանը շեշտեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր՝ հավասարության, հարգանքի ու վստահության վրա հիմնված երկկողմ բարեկամական կապերը և փոխշահավետ գործընկերությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ և ամրապնդվել: 
 
Իր հերթին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ներկայումս Թուրքմենստանը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային հարթակում: 
 
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը հարգանքով է վերաբերում Թուրքմենստանի չեզոք կարգավիճակին, նաև բարձր է գնահատում այն դերը, որը Թուրքմենստանն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակում խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման գործում:
 
«Խոսելով հայ-թուրքմենական հարաբերությունների մասին կուզենայի նշել, որ այս տարի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների տարեգրությունում ավելացել է ևս մեկ կարևոր ամսաթիվ՝ հոկտեմբերի 9-ը, երբ լրացավ երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: 
 
Այս ընթացքում դինամիկորեն զարգանում են ինչպես երկկողմ առևտրատնտեսական, այնպես էլ մշակութային, գիտատեխնիկական հարաբերությունները»,- ընդգծեց փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ նշյալ ոլորտներում սերտ համագործակցության մասին կարևոր համաձայնագրեր են ստորագրվել նաև այս տարի, երբ Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play