Նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին


Նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

  • 04-12-2017 14:22:33   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում երկու երկրների համագործակցության առավել սերտացման, փոխգործակցության նոր հնարավորությունների կիրառման վերաբերյալ հարցեր:
 
Նախարարը շնորհավորել է դեսպան Լաքոտին մեր երկրում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Ֆրանսիան պատմականորեն եղել և մնում է մեր երկրի բարեկամը: Մենք հաջողությամբ համագործակցում ենք ոչ միայն մարզական և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում: Վստահ եմ, որ հետայսու նույնպես այդ համագործակցությունը նպաստելու է երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը», - ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ համագործակցության լավագույն օրինակ է հաջորդ տարի Երևանում կայանալիք ֆրանկաֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը, որի կազմակերպչական աշխատանքների կատարման համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի ղեկավարությամբ:
 
Դեսպան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր պատրաստակամությունն է հայտնել գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: «Այդ գագաթաժողովը լավ դիվանագիտական հարթակ կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար: Տեղյակ եմ, որ ձեր երկիրը հաջողությամբ և ակտիվորեն մասնակցում է ֆրանկաֆոնյան բազմաթիվ միջոցառումների: Իսկ այս անգամ դա լինելու է տանտիրոջ կարգավիճակով»,- ասել է դեսպանը:
 
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հետաքրքրվելով և տեղեկանալով, որ դեսպան Լաքոտը զբաղվում է մարզական քայլքով, հրավիրել է նրան համատեղ մասնակցելու Երևանում կազմակերպվող կիսամարաթոնին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ