Կրթություն 2030. նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է զարգացման ծրագիրը


Կրթություն 2030. նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է զարգացման ծրագիրը

  • 04-12-2017 19:26:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի քննարկումը: Նիստը վարող ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ նախագիծը դրվել է հանրային քննարկման, ինչպես նաև քննարկվել է տարբեր շահագրգիռ կողմերի հետ: Դավիթ Սահակյանի խոսքով` ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիրն ունի օրենքի ուժ: «Ծրագրի մշակմանը դրա տարբեր փուլերում մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Ասիական զարգացման բանկը: Ներկայիս տարբերակը մշակվել է ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը նախագծվել է 2030 թվականի հեռանկարով, քանի որ այն անհրաժեշտ էր համապատասխանեցնել մի շարք փաստաթղթերի, որոնք ևս թիրախ են ընտրել 2030 թվականը: Դրանք են` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության զարգացման գլոբալ փաստաթղթերը, Ինչոնի համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստան-2030 ռազմավարական ծրագիրը, որտեղ անդրադարձ կա 19 ոլորտների, այդ թվում` կրթությանը»,-նշել է նախարարի տեղակալը:
 
ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկաներին է ներկայացրել կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը,  մոնիթորինգը, գնահատումը  և ճանապարհային քարտեզը: 
 
Զեկույցին հաջորդել են քննարկման մասնակիցների ելույթները և  առաջարկությունները: Մասնավորապես, ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Արամ Ծատուրյանին հետաքրքրել է, թե արդյոք ինչ ձեռքբերումներ են արձանագրվել նախորդ ծրագրերի արդյունքում և ներկայումս ինչ փուլում ենք: Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի դիտարկմամբ` արդյոք փաստաթուղթն համահունչ է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանը բարձրացրել է ազգային փոքրամասնությունների կրթության, եզդի ուսուցիչների վերապատրաստման հարցերը: Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչ Սուրեն Չիբուխչյանին հետաքրքրել են կրթության զարգացման գերակայությունները, կրթության համակարգի կառավարման և բուհերի ինքնավարության խնդիրները: Խորհրդի որոշ ներկայացուցիչներ իրենց մտահոգություններն են հայտնել ենթաօրենսդրական մակարդակներում ծրագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ ներկայացրել է որոշ խմբագրական հարցերի շուրջ:
 
Ամփոփելով նիստը` Դավիթ Սահակյանը նշել է, որ նախարարությունը բաց է բոլոր առաջարկների և դիտողությունների համար և հաշվի առնելով դրանք` ծրագիրը կլրամշակվի: Հետևաբար, նա կոչ է արել խորհրդի բոլոր անդամներին` իրենց առաջարկությունները ներկայացնել`  ծրագրի քննարկման հաջորդ փուլերում դրանք ներառելու նպատակով:
 
Նիստի ավարտին ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդն ընդունել է որոշում` ի գիտություն ընդունել զեկույցը և հիմք ընդունելով և հաշվի առնելով հնչած առաջարկությունները` լրամշակել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը:
 
Նիստի ավարտին ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդն ընդունել է որոշում.
 
1. Ի  գիտություն ընդունել զեկույցը:
 
2.Հաշվի առնելով հնչած առաջարկությունները` լրամշակել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն