Երևանում տեղի է ունեցել «Երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավում» թեմայով քննարկում


Երևանում տեղի է ունեցել «Երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավում» թեմայով քննարկում

  • 05-12-2017 17:12:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել  «Երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավում» թեմայով քննարկում: 
«Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են դատավորներ և դատախազներ: 
 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ Հայաստանում անչափահասների գործեր քննող դատավորների մասնագիտական  վերապատրաստմանն ուղղված առաջին քայլերը  նախաձեռնվել են դեռևս  տարիներ առաջ: Միաժամանակ, Սուրեն Քրմոյանն ընդգծել է երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավման նպատակով շարունակական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ նպատակով քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում մշակված «Երեխաների մասնակցությամբ դատավարական գործընթացների պրակտիկ ուղեցույց» մասնագիտական ձեռնարկը, որտեղ արտացոլվել են  տարբեր կարգավիճակ ունեցող, այդ թվում՝ նաև տուժող և վկա երեխաների հետ կապված վարվելակերպի միջազգային փորձը, ինչպես նաև պրակտիկ խորհուրդներ, այդ թվում՝ հոգեբանական:
Ուղեցույցի վերաբերյալ քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են եղել պրակտիկայում երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերում առկա բացերը վերացնելուն:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվ քննարկման համար և նշել, որ հնչած առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կզետեղվեն ձեռնարկում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն