Աղետից 29 տարի անց.Զարուհի Փոստանջյան


Աղետից 29 տարի անց.Զարուհի Փոստանջյան

  • 07-12-2017 11:26:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

1988 թվականը հայ ազգի նորագույն պատմության մեջ դարձավ բեկումնային: Մեր հայրենի հողի ցնցմանը զուգահեռ, որն ավերեց մեր հայրենի քաղաքներն ու գյուղերը, մենք՝ հայերս, ապրեցինք ազգային ցնցում, մտքի և սրտի ցնցում, որը նոր սկիզբ դրեց մեր ազգային ազատագրական շարժմանը: 
 
Գրեթե բոլորի համար անսպասելի 1988-ը նաև ազդարարում էր նոր աշխարհակարգի հիմնադրում` բեռլինյան պատի քանդում, հայոց անկախության վերականգնում և աշխարհի նոր քաղաքական քարտեզի ձևավորում: 
 
Համաշխարհային պատմության այս շուրջ 30 ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները մենք դիմավորեցինք`
-Սպիտակի երկրաշարժի պատճառած  ահռելի կորուստներով, 
-Խորհրդային Միության կենտրոնական իշխանության ազդեցության նվազեցմամբ, ապա ընդամենը երկու տարի անց նաև վերացմամբ,
-Խորհրդային Միության հանրապետությունների հետ հիմնական տնտեսական կապերի խզմամբ, 
-Ադրբեջանի կողմից հայաշատ Բաքվի և այլ քաղաքների հայաթափմամբ ու հայերի նկատմամբ ցեղասպանության իրականացմամբ: 
 
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 41 րոպե, Էպիկենտրոնը  Սպիտակ քաղաքի մոտ, տեղի ունեցավ մեր հայրենի հողի ցնցում, որի ուժգնությունն էր` 10-ը բալ, հիպոկենտրոնի խորությունը` 10-ը կմ, գլխավոր ցնցման տևողությունը` 35-45 վայրկյան: Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը կազմել էր 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը` 2մ: 
 
Աղետի պատճառած վնասների բնութագիրը հետևյալն էր` վնասի գոտու մակերեսը - 10000 քառակուսի կիլոմետր‚ ուր ապրում էր 1 միլիոն մարդ, ավերվել էր 11 քաղաք և 58 գյուղ, անօթևան էին մնացել 514000 մարդ:
 
Մարդկային կորուստների նկարագիրը հետևյալն էր` ընդհանուր զոհերի թիվը կազմում էր ավելի քան 25000, փլատակներից հանվել էր կենդանի` 45000 մարդ, հոսպիտալացվել էր` 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել էր 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը Հայաստանից դուրս Խորհրդային Միության առողջարաններ։
 
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել էր 10 միլիարդ դոլար: Աղետից պատճառված վնասի հետևանքները մի քանի անգամ գերազանցեցին ուղիղ նյութական կորուստները, որը 29 տարի անց շարունակում է ի ցույց դնել աղետի գոտու պատկերը: 
 
Այսպիսի կորուստներով, առանց ազգային զինված ուժերի, մեկնարկային 29 հազար քառակուսի կիլոմետր պետության տարածքով, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ներքո, հայ ազգը մուտք գործեց նոր աշխարհակարգ, որը պետք է կոչվեր հետխորհրդային` հետ սառը պատերազմյան շրջան:
 
Այսպիսի կորուստների հետ մեկտեղ՝ հայ ազգն ապրում էր ոգու ցնցություն, իսկ  նրա լավագույն և հեռատես հատվածը դրսևորում քաղաքական իմաստություն և կամք: Հայ ազգը ցնցվում էր` նրա հոգին ալեկոծում էր ազատության և արդարության տենչ: Հայտարարվեց ազգային զինված ուժեր` պաշտպանական բանակ ունենալու անհրաժեշտությունը և այն կյանքի կոչվեց: Հայտարարվեց, որ Արցախը Հայաստան է և վերջ , որը ևս կյանքի կոչվեց:
 
Քաղաքական իմաստության վերը նշված դրսևորումները բեկումնային դարձան հայ ազգի համար, սակայն բեկումային ընթացքը կասեցվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ հետխորհրդային աշխարհաքաղական քարտեզի ձևավորման շուրջ համաշխարհային պայմանավորվածություններն էին և ազգային քաղաքական վերնախավի դավադիր գործունեությունը: 
 
Այսօր կրկին մտել ենք պատմական նոր շրջափուլ, նորից տեղի են  ունենում պետությունների փլուզում, նորից մեր դարավոր թշնամին պատերազմ է հայտարարում և կրկին ձեռք են բերվում համաշխարհային պայմանավորվածություններ: Այս  շրջափուլ մենք մտել ենք ունենալով հրաշք հայրենիք՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր պետականությամբ, որը ցավոք, նման է աղետի գոտու: Հայրենիք, որից  գաղթել է շուրջ 1,5 միլիոն մարդ: Հայոց պետականություն, որի արտաքին պարտքը հասնում է շուրջ 10  միլիարդ դոլարի: Բնակչության ծերացած հատվածը հատել է ճգնաժամային 7%-ի սահմանը՝ հասնելով 11%-ի և շուրջ 1 միլիոն մարդ գտնվում է աղքատության մեջ: 
 
Իհարկե, այս աղետալի վիճակագրությունը չի կարող դառնալ արգելք նոր աշխարհակարգի ձևավորման շրջանում հայ ազգի քաղաքական հայտի համար, քանի որ կրկին մենք պետք է ապրենք ոգու ցնծություն` կրկին պետք է վերածնվենք և վերագտնենք մեզ մեր հայրենիքում:
 
Աղետից շուրջ 30 տարի անց, պարտավոր ենք կրկին մտցնել բեկում, պարտավոր ենք դուրս շպրտել ներքին թշնամուն, պարտավոր ենք աղետի գոտուց դառնալ զարգացման տարածաշրջան:   
 
Երկրաշարժը` հողի ցնցումը և նրա հետևանքով առաջացած աղետը, տարածվում է բոլորի նկատմամբ, այն չի ճանաչում բարեկամ կամ թշնամի: Սակայն ոգու և մտքի երկրաշարժը տարածվում է ընտրված անձանց նկատմամբ, այդ ցնցումը ի զորու է տապալել ցանկացած թիրախ ընտրած թշնամուն ու թշնամական համակարգը: 
 
Ազգային դիմադրությունը, ապօրինությունների ու անարդարության դեմ ընդվզումը և ներքին թշնամուն չհանդուրժելը երկրաշարժ է` ցնցում, որի արդյունքը բեկումն է` հաղթանակը:
 
Այսօր հայ ազգին անհրաժեշտ է ապրել երկրաշարժ` սրտում և  մտքերում: 
Սրտի և մտքի երկրաշարժով` հեղափոխությամբ, միայն հնարավոր է հաղթահարել, և՛ մայրենի հողի ճեղքվածքով առաջացած աղետը, և՛ ներքին թշնամու գործունեության հետևանքով առաջացած աղետը: Սրտի և մտքի երկրաշարժն է թույլ տալու գրավել բարձրունքներ և ազատագրելու մեր հայրենիքը և՛ներքին, և՛ արտաքին թշնամուց:
 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ  Զարուհի  Փոստանջյան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play