«Հարատև կռիվ». Ապրիլյան պատերազմին նվիրված նոր ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում (տեսանյութ)


«Հարատև կռիվ». Ապրիլյան պատերազմին նվիրված նոր ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում (տեսանյութ)

  • 07-12-2017 14:19:54   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանն այն երկիրը չէ, որ ով ոնց ուզենա գա գրավի, այլ սա հոգևոր հայրենիք է, որը պետք է պաշտպանել: Հենց այս գաղափարախոսության վրա է հիմնված Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:  
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, «Հարատև կռվի» ստեղծման հիմնական նպատակն է փրկել այն «մարգարիտների» հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքը պաշտպանելիս:  
 
«Մեր խնդիրն է ցույց տալ, որ մարդկային կյանքից բարձր էլի արժեքներ կան, և որ մենք հարատև չենք, այլ հայրենիքն է հոգևոր ու հարատև արժեք: Սա ընդամենը կենսատարածք չէ, որի ապրում ենք. Ո՛չ, այստեղ մեր պապերի ու բազմաթիվ ասպետների աճյուներն են թաղված, այստեղ տիգրանյան շնորհներ կան, և այս բոլորը հանուն նրա, որ մեր հայրենիքը հարատևի՝ դուրս չգալով պատմության միջանցքներից»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հայը մշտապես կարևորել է հայրենիք ունենալու հանգամանքը և դրա համար զոհաբերություններ է կատարել:   
 
Արցախի տարբեր շրջաններում ու մարտական դիրքերում շուրջ 1 տարի նկարահանված «Հարատև կռիվ» ֆիլմի ստեղծման վրա աշխատել են 12 մարտական օպերատորներ: Այն ամփոփ անդրադարձ է ապրիլյան պատերազմի օրերին իրենց սխրանքներով աչքի ընկած անփորձ ու փորձառու հայորդիների, աննախադեպ միասնականությամբ հանդես եկած կամավորական ջոկատների, աշխարհասփյուռ հայության ցուցաբերած օգնության մասին: 
 
Ս. Թադևոսյանի խոսքերով՝ ֆիլմը «Հարատև կռիվ» է կոչվում, քանի որ պատերազմը չի ավարտվել: 
 
«Դժբախտաբար, մեր հարևաններն այդպես էլ մարդ դառնալու ոչ մի սրբագրման չենթարկվեցին, և մենք ստիպված ենք մեր տունը պաշտպանել՝ հետ շպրտելով այն մեզնից խլել ցանկացողին: 2016 թվականին թվացյալ խաղաղությունն ընդհատվեց, վերսկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի ընթացքում 18-20 տարեկան զինապարտները, դաշտային հրամանատարները կարողացան աներևակայելի սխրանքով նորից թշնամուն բացատրել, որ մեր սահմաններն անառիկ են»,- եզրափակեց ռեժիսորը:  
 
Նշենք, որ «Հարատև կռիվ» ֆիլմն ունի նաև համանուն սաունդթրեք, որի խոսքերի հեղինակը Սամվել Թադևոսյանն է, երաժշտության հեղինակը՝ Սամվել Գալստյանը, կատարում է սփյուռքահայ երգիչ Գևորգ Հաջյանը (Գէորգ Հաճեան): Երգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ: 
 
 
 
 
 
 
«Հարատև կռիվ» ֆիլմի շնորհանդեսի լուսանկարներն ԱՅՍՏԵՂ
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն