Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը


Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը

  • 07-12-2017 15:28:51   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է  Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  պետ Իշխան Կարապետյանը,  Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը,  ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ:
 
Ծրագիրը մշակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  կողմից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ  և միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ:
 
«Մեր նպատակն է ամփոփել, ընդհանուր տեսլական ունենալ,   հասկանալ մեր բաց տեղերը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է, առանց որի հնարավոր չէ անասնաբուծություն զարգացնել: Ծրագրում ներառված է և' անասնաբուժությունը, և' վերահսկողությունը, և' որակի բարձրացումը, ինչը թույլ կտա  ապահովել  ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնել են անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխություններ, այդ թվում` անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, կենդանիների համարակալում, երկրի համաճարակային քարտեզի ձևավորում, ինչը կհանգեցնի նաև երկրի դիրքի բարելավմանը և արտաքին առևտրի խթանմանը:  
 
«Այս ողջ գործընթացում հենասյուներից մեկը կենդանիների համարակալումն է, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում», - հավելել է Իշխան Կարապետյանը:
 
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպում, սննդամթերքի անվտանգության առավել արդյունավետ կառավարում, մաքրացեղ տոհմային կենդանիների բուծում, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում:
 
Ծրագրով նախատեսվում է ստեղծել Կենդանիների նույնականացման և համարակալման պետական հիմնադրամ, որի կենտրոնական գրասենյակը կլինի Երևանում, իսկ մարզերում կունենա 42 մասնաճյուղ:
 
Կարևորվել է նաև ծրագրի վերաբերյալ համայնքներում իրազեկման աշխատանքների կազմակերպումը:   
 
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի փաթեթը քննարկել  այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ ևս՝  այն սեղմ ժամկետում կյանքի կոչելու նպատակով: ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կազմակերպություններին տրամադրել առավել համապարփակ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ:
 
Ծրագրի մշակման ընթացքում հայ մասնագետները խորհրդակցել են միջազգային փորձագետների հետ, ծանոթացել այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքին:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապեր բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play