Ենթակայանների վերակառուցումը ռազմավարական նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ հոսքերը սպասարկելու գործում


Ենթակայանների վերակառուցումը ռազմավարական նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ հոսքերը սպասարկելու գործում

  • 07-12-2017 17:29:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը` Աբդուլազիզ Ֆաղիի գլխավորությամբ։ Քննարկվել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
 
Ողջունելով հյուրերին` Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել բանկի դերը Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման և էլեկտրահաղորդման  ցանցի հուսալիության բարձրացման նպատակով իրականացվող միջոցառումներին օժանդակելու գործում։ 
Կողմերն անդրադարձել են մասնավորապես ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։ Արձանագրվել է,  որ ենթակայանների վերակառուցումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կապված տարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ։ Առանց դրանց արդիականացման անհնարին կլինի սպասարկել առաջիկա տարիներին ակնկալվող հոսքերը։ 
-Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի գործարկումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կավելանա երեք անգամ։ Այդ համատեքսում «Երևանի ՋԷԿ-ի» ենթակայանի կառուցումն ունի ռազմավարական նշանակություն։ Այն սպասարկելու է նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցվող երկրորդ էներգաբլոկը, -ընդգծել է Աշոտ Մանուկյանը։ 
Անդրադառնալով Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրին՝ առաքելության անդամ Արթուր Կոչնակյանն իր գոհունակությունն է հայտնել դրա ընթացքի և արձանագրվող արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախատեսված բոլոր ցուցանիշները լիարժեք կատարվում են։ 
Զրուցակիցները քննարկել են նաև արևային էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Խոսվել է մասնավորապես «Մասրիկ-1» կայանի կառուցման ծրագրի, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակնկալվող քայլերի մասին։ Առանձնապես կարևորվել է արևային էներգիայի կուտակիչ մարտկոցների կիրառման անհրաժեշտությունը և դրանց կառուցման գործում բանկի հնարավոր աջակցությունը։ 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play