Հանրային խորհուրդը քննարկել է համահայկական կառույցների ձևավորման հարցը


Հանրային խորհուրդը քննարկել է համահայկական կառույցների ձևավորման հարցը

  • 08-12-2017 19:09:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրային խորհրդում ս.թ. դեկտեմբերի 8-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում համահայկական կառույցների ձևավորման հարցի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ Սադոյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գագիկ Մանասյանը, Կորյուն Առաքելյանը և ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը:
 
Օրակարգի հիմնական հարցերը եղել են հետևյալը.
1.      Համահայկական կառույցների ձևավորման նպատակները:
2.      Ո՞վ է նախաձեռնելու այդ կառույցների ստեղծումը, և ո՞րն է լինելու հետագայում այդ կառույցների աշխատանքները համադրող մարմինը:
3.      Ովքե՞ր են դառնալու Համահայկական կառույցների անդամներ (անձեր, կազմակերպություններ), ինչպիսի՞ կառուցվածք է ունենալու համադրող մարմինը:
4.      Կազմակերպման գործունեության ընթացակարգը, ժամկետները, պատասխանատուները:
 
Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր տեսակետներ ու առաջարկներ, հնչել են նաև մտահոգություններ: Ներկաները, սակայն, համակարծիք են եղել համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտության հարցում՝ ընդգծելով, որ դրա հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են հայապահպանությունը, Հայաստանի Հանրապետության, Արցախի հզորացումը, Հայաստան-Սփյուռք կապերի զարգացումը և այլն:
Նշվել է, որ տասնյակ տարիներ ի վեր հայության տարբեր շերտեր քննարկում են համաշխարհային հայկական կառույցներ ձևավորելու հարցը, և հատկապես վերջին տարիներին դա առավել մեծ նշանակություն է ստացել՝ պայմանավորված այն իրողությամբ, որ հայության մի հոծ հատված այսօր ապրում է Հայաստանից դուրս: Ընդգծվել է, որ համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը բխում է նաև համաշխարհային ներկա գործընթացներից, ինչը պահանջում է հայության ներուժի համախմբում և աշխարհում մեր տեղի ու դերի վերագնահատում:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է իր հիմնադրած Համագործակցության փոխօգնության համազգային կառույցի նպատակներն ու կառուցվածքը, այս պահին վիրտուալ տարածքում իրականացվող աշխատանքները, որոնք համակարգվում են www.armnational.am կայքի միջոցով:
            Նշենք, որ համահայկական միասնական կառույցների ձևավորման հարցը վերջին շրջանում օրակարգային դարձավ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումից հետո, որի աշխատանքը բավական արդյունավետ էր՝ բարձր գնահատվելով թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում: Այդ ժամանակ ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվեցին պատասխանատուներ Հայաստանից ու Սփյուռքից: Աշխատանքային խումբը որոշակի արժեքավոր ծրագրեր արդեն իսկ մշակել է, և 2018 թվականին՝ մայիսյան տոների շրջանակներում, խմբի գործունեությունը նոր թափ կստանա, և հարցին ընթացք կտրվի:
Համահայկական միասնական կառույցների ձևավորման հարցը քննարկման է դրվել նաև սեպտեմբեր ամսին Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ:
Հանրային խորհուրդը, որը բազմիցս է անդրադարձել համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտությանը, նույնպես ստեղծել է աշխատանքային խումբ՝ ընդառաջ գնալով վերոնշյալ իրադարձություններին:
Ամփոփելով աշխատանքային այս քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն առաջարկել է հարցն առաջիկայում քննարկել նաև համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, որից հետո կազմակերպել հանրային լայն քննարկումներ՝ ապահովելով հանրության լայն շերտերի մասնակցությունը այս կարևոր հարցի քննարկմանը և համապատասխան ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play