Աճում է քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը պետական քաղաքականության և իրավական ակտերի մշակման գործընթացում

11-12-2017 10:44:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի, մշտական գրանցված օգտատերերի թիվը գործարկման օրվանից առ այսօր՝ մոտ տասն ամիսների ընթացքում, հասել է շուրջ 9 հազարի, իսկ պետական մարմինների կողմից կայքում տեղադրված նախագծերի թիվը գերազանցում է 560-ը: Ամենաշատ նախագծեր տեղադրած պետական մարմիններից առաջին եռյակում են ՀՀ ֆինանսների, Արդարադատության և Բնապահպանության նախարարությունները: Յուրաքանչյուր օր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միաասնական կայք է այցելում ավելի քան 1200 անձ:   
 
Կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին: 
www.e-draft.am –ը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում՝ հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում:
Արդարադատության նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչներին ակտիվություն ցուցաբերել ու մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից