Ամփոփվել են մարդու իրավունքներին նվիրված երկրորդ աշակերտական մրցույթի արդյունքները


Ամփոփվել են մարդու իրավունքներին նվիրված երկրորդ աշակերտական մրցույթի արդյունքները

  • 11-12-2017 17:28:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված և «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները:
 
Միջոցառմանը ներկա էին  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը, ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, մրցութային հանձնաժողովի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ և այլոք: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները, Զաբել Եսայանի թոռը՝ ԵՊՀ դոցենտ Ալեքսանդր Եսայանը: Տեսաուղերձով ներկաներին ողջունեցին մրցույթի համակազմակերպիչ Ջուդիթ Սարյանը և մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Հայ իրավաբանական միության խորհրդի անդամ Կարո Ղազարյանը:
 
Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանը, երկրորդ մրցանակային տեղը` Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լինա Միրզոյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի
 
11-րդ դասարանի աշակերտուհի Սիրուն Գաբրիելյանը: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվել է iPod պլանշետով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ iPod պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ TSD ընկերության տրամադրած ArmPhone բջջայինով:
 
Եզրափակչի մյուս 9 մասնակիցների համար հատուկ մրցանակներ են սահմանել Հայաստանի և Արցախի օմբուդսմանները, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի առաջին մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը,  Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, <<Դասավանդիր Հայաստան>> հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ասոցիացիան (ԱՄՆ): Եզրափակչի մասնակիցները ստացել են նաև գրքեր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև <<Անտարես>> հոլդինգի կողմից:
 
 Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են Թումո ստեղծարար  կենտրոնի հայտարարած մրցույթում հաղթող դիզայնով շապիկներ, ինչպես նաև հուշանվերներ՝   Զ. Եսայանի ընտանիքի կողմից:
 
            Հարկ է ընդգծել, որ այս տարի մրցույթի երկրորդ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը Արցախի շրջանների դպրոցականներ են:
 
            Միջոցառմանը ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների կատարումները:
 
Եզրափակիչ խոսքում Ռ.Մելիքյանը գոհունակությամբ ընդգծել է, որ մրցույթի աշխարհագրությունը մեծանում է, իսկ աշխատանքների որակը` բարձրանում: <<Ուրախալի է, որ եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը ներկայացնում են Արցախի շրջանների դպրոցները>>, - նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաև խոստացել է, որ 2018թ. գարնանը մրցույթի եզրափակիչ փուլ անցած աշակերտների համար կազմակերպվելու է կարճատև ուսումնական այց Երևան:
 
 
 
ՄԻՊ աշխատակազմ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play