Բաց դռների օր Արցախի Ազգային ժողովում


Բաց դռների օր Արցախի Ազգային ժողովում

  • 11-12-2017 19:31:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Ազգային ժողովում, արդեն ավանդույթ դարձած «Բաց դռների օր» նախաձեռնության շրջանակում, դեկտեմբերի 11-ին՝ Պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ հյուրընկալվել են Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները և նրանց ուղեկցող ուսուցիչները:
 
Այցի ընթացքում դպրոցականները շրջել են ԱԺ շենքում, եղել են լիագումար նիստերի դահլիճում, ԱԺ գրադարանում, ծանոթացել մշտական հանձնաժողովների աշխատանքներին և զրուցել պատգամավորների հետ:
 
Աշակերտներին այնուհետև ընդունել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նշել է, որ նման նախաձեռնության նպատակը գալիք սերնդին երկրի կառավարմանը մոտիկից ծանոթացնելն է, ինչը կարող է որոշիչ լինել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Խորհրդարանի ղեկավարը հյուրերին է ներկայացրել Արցախում պետականաշինության կայացման ուղին, անդրադարձել կառավարման համակարգի առանձնահատկություններին և սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը պետության ապագա կառավարիչներին խորհուրդ է տվել գիտելիքներ ու հմտություններ կուտակել՝ ոգու, ուժի և օրենքի երկիր կառուցելու նպատակով, հաշվի առնելով իրենց հարազատ գյուղի և Արցախի փառահեղ անցյալը:
 
Դպրոցականներն Ազգային ժողովի նախագահին են առաջադրել երկրի կառավարման մարմիններին և արտասահմանյան ուսումնառությանը վերաբերող հարցեր:
 
Ազգային ժողովից պատանի հյուրերն այցելել են նաև Ստեփանակերտի «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել հասակակիցների գործունեությանն ու արդեն գրանցած հաջողություններին:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն