Տեղի է ունեցել լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը


Տեղի է ունեցել լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը

  • 11-12-2017 20:22:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը: Նիստին Հայաստանից մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը,  «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ էվելինա Բաղդասարյանը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Լուսինե Աբրահամյանը, նախարարության աշխատակիցներ:
 
Նիստին  հեռակապով միացել էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, «Խոսնակ» ամսագրի (Լիբանան)  գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» ամսագրի (Չեխիա) գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» օրաթերթի (Լիբանան)  գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի (Կանադա)  գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, «Պայքար» շաբաթաթերթի (ԱՄՆ) գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, «Արարատ» օրաթերթի (Լիբանան) գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի արդյունքներին և ձեռքբերումներին: «Այս համաժողովը բացառիկ էր իր ընդգրկմամբ ու հնչեղությամբ: Իհարկե, 1837 մասնակցի հնարավոր չէր լսել, խոսք տրամադրել, սակայն համաժողովի նյութերի ժողովածուում կհրապարակվեն նաև այն մասնակիցների ելույթները, ովքեր չկարողացան համաժողովի ընթացքում հանդես գալ»,-նշեց նախարարը: Հրանուշ Հակոբյանը սփյուռքյան լրատվամիջոցների խմբագիրներին ներկայացրեց Սփյուռքի նախարարության սահմանապահ գյուղերի աջակցության ծրագիրը, նշեց, որ արդեն մի քանի գյուղեր սփյուռքի հայ համայնքների կողմից հովանավորվում են, կարևորեց ծրագրի լուսաբանումը սփյուռքում: «Մեզ համար առաջնային է նաև հայրենադարձության թեմայի արծարծումը սփյուռքյան լրատվամիջոցներում: Այսօր Հայաստանում հազարավոր հայրենադարձներ են ապրում: Արդեն նախատեսել ենք կազմակերպել հայրենադարձների հետ հանդիպումների շարք: Անհրաժեշտ է աշխատել նրանց հետ, գրել նրանց մասին, ներկայացնել հայրենադարձության նրանց փորձը»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը կարևորեց նաև Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի միջոցառումներին սփյուռքի ակտիվ մասնակցությունն ու լայն լուսաբանումը: 
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը և նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ էվելինա Բաղդասարյանը ներկայացրին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի լուսաբանման արդյունքները՝ ընդգծելով, որ համաժողովը լայն արձագանք գտավ և՛ սփյուռքյան, և՛ հայաստանյան մամուլում, հնչեցին բազմաթիվ առաջարկներ, տեսակետներ, լրատվամիջոցները ցուցաբերեցին կառուցողական մոտեցում: «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը նկատեց, որ համաժողովի կարևորությունն ու հնչեղությունն այնքան մեծ էին, որ հետագայում քննարկումներ ծավալվեցին նաև սփյուռքի հայկական համայնքներում՝ Լիբանանում, Ֆրանսիայում, Ամերիկայում:
Այնուհետև նիստի մասնակիցները քննարկեցին լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի խորագիրն ու թեմատիկ ուղղությունները, համաժողովի անցկացման վայրը, օրերն ու ձևաչափը: Նախնական քննարկաման արդյուքնում որոշվեց համաժողովն անցկացնել մայիսի վերջին և հունիսի սկզբին: Մասնակիցները ցանկություն հայտնեցին լինել նաև հայաստանյան սահմանապահ գյուղերում, շրջել և ծանոթանալ տիրող իրավիճակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում են նեղ մասնագիտական աշխատաժողովներ, փորձի փոխանակում, հանդիպումներ Հայաստանի և Արցախի պաշտոնատար այրերի հետ: 
Նիստի ավարտին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին 35-ամյա լրագրողական բեղուն գործունեության առթիվ հանձնեց ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play