Հայաստանի եվրոպական ինքնությունը դույզն իսկ կասկածի տեղիք չի տալիս. Ժոնաթան Լաքոտ


Հայաստանի եվրոպական ինքնությունը դույզն իսկ կասկածի տեղիք չի տալիս. Ժոնաթան Լաքոտ

  • 12-12-2017 16:45:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի եվրոպական ինքնությունը դույզն իսկ կասկածի տեղիք չի տալիս. Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում այն արժեհամակարագը, որն ուզում է դարձնել իրենը: 
 
Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: 
 
Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին՝ նա նշեց, որ այն նոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջև, ավելին, եթե Հայաստանը կարողանա գործարար աշխարհի համար հանդես գալ ապահով միջավայրի իմիջով, ապա կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև: 
 
«Նոյեմբերի վերջերին ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագիրն իր ձևի մեջ եզակի է, և դրա կարևորությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, կարող է նաև առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»,- ընդգծեց Ժ. Լաքոտը: 
 
Նրա համոզմամբ՝ համաձայնագրի անվանումն արդեն իսկ հուշում է, որ բացի առևտրային դյուրինացված մոտեցումներից, ճյուղային համագործակցության հնարավորություններ ևս բացվում են: 
 
«Դուք լավ ծանոթ եք այն բոլոր վայրիվերումներին, որոնց առնչվեց նախորդ համաձայնագիրը, իսկ այսօր մենք գիտակցում ենք այն արժեքը, որով օժտված է նոյեմբերին  ստորագրված ՀՀ-ԵՄ ընդլայնված համաձայնագիրը»,- շեշտեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ ՀՀ-ԵՄ ընդլայնված համաձայնագրի ստորագրումով Հայաստանի կողմից ստանձնված բարեփոխումների արդյունքում նպատակ է հետապնդվում մոտենալ եվրոպական չափորոշիչներին: 
 
Դեսպանի փոխանցմամբ՝ նոր համաձայնագրով Հայաստանի բուհերը հնարավորություն կունենան մասնակցելու եվրոպական ընդհանուր գիտահետազոտական ծրագրերին, իսկ հայաստանյան ձեռնարկությունները՝ ԵՄ անդամ երկրների ձեռնարկությունների կողմից հայտարարված մրցույթներին (տենդերներին):   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն