ՀՀ-ԵՄ ընդլայնված համաձայնագիրը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունն ամրապնդում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները


ՀՀ-ԵՄ ընդլայնված համաձայնագիրը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունն ամրապնդում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները

  • 12-12-2017 17:47:16   | Հայաստան  |  Քաղաքական

 
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը, ինչը վկայում է հայաստանյան դիվանագիտության արձանագրած  ցայտուն հաջողությունների մասին: 
 
Ինչպես դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, վերոնշյալ երկու իրադարձությունները ևս մեկ անգամ ամրապնդում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները: 
 
Ըստ նրա՝ 2018 թվականը Հայաստանի համար նշանակալից տարելիցներով հագեցած տարի է լինելու: 
 
«Հաջորդ տարի մայիսին Հայաստանը տոնելու է Առաջին հանրապետության 100-ամյակը, հոկտեմբերին Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահը, կլինեն Էրեբունի-Երևան 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները, իսկ տարեվերջին կլինի հիշատակման արարողություն կապված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հետ»,- նշեց Ժ. Լաքոտը՝ շեշտելով, որ 1988 թվականի ողբերգությունը մեծ հետք է թողել նաև Ֆրանսիայում:  
 
Դեսպանի խոսքերով՝ Սպիտակի երկրաշարժը տեղիք տվեց ձևավորելու համերաշխության մի հուժկու ալիք, ինչպես նաև այն մեկնակետ հանդիսացավ անկախությունից մի փոքր ավելի վաղ  հայ-ֆրանսիական հարաբերությունների հաստատման համար:  
 
Նրա գնահատմամբ՝ ի տարբերություն հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների՝ երկկողմ քաղաքական հարաբերությունները գերազանց  մակարդակի վրա են: 
 
Այդուհանդերձ, դեսպանը պատրաստակամություն հայտնեց ևս երկու ուղղությամբ զարգացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները. Առաջինը՝ բուհական և կրթական, երկրորդը՝ տնտեսական ոլորտններն են, որտեղ Ժ. Լաքոտը մեծ ներուժ է տեսնում և անձամբ  է ներդրումներ կատարելու: 
 
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանում Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ է բացվելու: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական