Բաքուն մարմնավաճառներին, հովիվներին կասկածում է ՀՀ օգտին աշխատելու մեջ. 400 ձերբակալված կա.armtimes.com


Բաքուն մարմնավաճառներին, հովիվներին կասկածում է ՀՀ օգտին աշխատելու մեջ. 400 ձերբակալված կա.armtimes.com

  • 12-12-2017 18:01:05   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Ադրբեջանում նոր մանրամասներ են հրապարակվում Հայաստանի օգտին մայիսին սկսված լրտեսական սկանդալի գործով: Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածով, որոշները մեղադրվել են դավաճանության մեջ: Ադրբեջանի ԶՈՒ նախկին սպան, որը նույնպես հարցաքննվել է եւ տեղափոխվել այլ զորամաս, պատմել է, թե ինչպես են այդ հետաքննության մեջ ներքաշվել մի հովիվ եւ նրա հոտը, գրում է meydan.tv-ն: 
 
Մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության տարածած համատեղ հայտարարությունը շփոթեցրեց բոլորին: «Հավաքված նյութի հիման վրա՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով դավաճանության եւ այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ է հարուցել: Ստեղծվել է դատախազության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի եւ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված քննչական-օպերատիվ խումբ, ընթանում է նախաքննություն»,- նշված էր այդ հայտարարության մեջ:
 
Զինվորականի խոսքով՝ հարցաքննվել կամ ձերբակալվել են շուրջ 400 ադրբեջանցի զինծառայող եւ քաղաքացի, որոնք իբր դավեր են նյութել կամ համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Նրանք մեղադրվում են գումարի դիմաց պետական անվտանգությանը սպառնացող գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցելու մեջ։ 42 անձի ձերբակալման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո նախագահի աշխատակազմը հրամայեց, որ միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից բացի բոլոր նորությունները հեռացվեն կայքերից:
 
Հովվի հետ միջադեպը տեղի է ունեցել շփման գծին մոտ գտնվող Աղդամի շրջանում: «Վաղ առավոտյան լսեցինք, որ մեկին բռնել են պահակակետում։ Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ։ Նա ասաց, որ իր ոչխարներին է արածեցնում։ Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»,-  ասում է զինծառայողը եւ հավելում` հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, հետո զինվորներին հրամայել հանգիստ թողնել հովվին ու մնացած ոչխարներին։
 
Զինվորները հակադարձել են հրամանատարին՝ ասելով, որ Հայաստանի սահմանապահները, տեսնելով, թե որտեղ են գնում ոչխարները, կիմանան այդ կետերում ականների բացակայության մասին։ Այդպես հովիվը վտանգում է զինվորներին։ «Հայ զինվորները չեն կրակի հովվի վրա, քանի որ նա եւ նրա ոչխարները լավ տեղեկություն են իրենց տալիս։ Սահմանին ամեն ինչ կարող է հանդիսանալ հետախուզական տեղեկատվություն»,- ասել են ադրբեջանցի զինվորները: 
 
Թշնամու հետ համագործակցելու սույն մեղադրանքները հաղորդվում են մոտակա զորամասի հրամանատարին եւ արագ հետաքննություն է սկսվում։ Հարցաքննվում են հարյուրավոր զինվորներ եւ քաղաքացիներ: Ոմանք ազատ են արձակվել, մյուսները դեռ սպասում են դատավարությանը: «Հարցաքննվել են սահմանին տեղակայված բոլոր զինվորները: Բոլորը կասկածում էին միմյանց, հրամանատարներն ու զինվորները, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Սեւ դիմակներով մարդիկ մեզ գոռալով հարցաքննում էին»,- պատմում է սպան: 
 
Դրանից հետո պայմանագրային զինծառայողներին իրենց սպաները վստահեցրել են, որ կտեղափոխվեն սահմանից 100 կմ հեռու զորամասեր, բայց փոխարենը շատերին հեռացրել են բանակից: Պատճառը, իբր ֆիզիկական քննությունը չանցնելն էր, սակայն նրանք մինչեւ այդ արդեն ծառայում էին։
 
«Մարզերում բոլորը գիտեն միմյանց: Բանակից հեռացված զինվորականին ոչ ոք չի ուզում աշխատանքի վերցնել: Պատմում եմ այս մասին, որովհետեւ մարդիկ այլեւս մեզ չեն վստահում։ 2016-ի ապրիլից հետո մարդիկ մեզ շատ էին հարգում, հիմա էլ չեն ուզում տեսնել մեզ»,- ասում է սպան:
 
Գյուղապետերից մեկի խոսքով, որը ցանկացել է չհրապարակել իր ինքնությունը, դավաճանության մասին խոսակցություններն արագ են տարածվում: «Պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք եւ լսում, որ ձեր հարեւաններից շատերն աշխատում են հայերի համար: Մարդիկ, որոնց երկար ժամանակ գիտեիք, մարդիկ, որոնց տեսնում եք ամեն օր, մեղադրվում են Հայաստանի համար աշխատելու մեջ: Դուք սկսում եք կասկածել բոլորին»,- ասում է նա եւ հավելում, որ շատ մարդիկ ձերբակալվեցին, զինվորականներից բացի հովիվներ, տաքսու վարորդներ, նույնիսկ մարմնավաճառներ:
 
Չամանլի գյուղում մի հովիվ է ձերբակալվել, որին մեղադրում են Ադրբեջանի ռազմական հաղորդակցության ցանցերը հայերին փոխանցելու մեջ եւ ապացույցն այն է, որ քննիչները պնդում են` նրա տանը հայտնաբերվել է 10 հազար դոլար: Նույն գյուղում ձերբակալվել է մի բժիշկ՝ եղբոր եւ զարմուհու հետ, նաեւ զինծառայողներից մեկի ընկերուհին, որին մեղադրում են հայկական հետախուզության համար աշխատելու մեջ: 
 
Թերթերի շրջանի մի գյուղապետ էլ, որը նույնպես ցանկացել է անանուն մնալ, պատմել է, որ Ջամիլլի գյուղում ձերբակալվածներից մեկը` Մեհման Հուսեյնովը, մահացել է քննիչի ծեծից: Հարազատները ցանկանում էին թաղել նրան հոր կողքին, սակայն գյուղացիները թույլ չեն տվել եւ արդյունքում նրան թաղել են գերեզմանատան սահմաններից դուրս։ 
 
«Մարդիկ շփոթված են: Մենք կարծում էինք` գիտենք, որտեղ է թշնամին, բայց պարզվեց` նա մեր մեջ է»,-  ասել է գյուղապետը եւ հավելել, որ իրենց շրջանում հարցաքննել են փոքր բիզնես ունեցող բոլորին: Նրանց, ովքեր եկել էին շրջան աշխատելու, ստիպել են վերադառնալ իրենց քաղաքներ: Սահմանին մոտ բոլոր սրճարաններն ու ռեստորանները փակվել են: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը