Մեր ոդիսականը ՀՀ ոստիկանության կայքում և թեժ գծերում.Վահե Սարգսյան


Մեր ոդիսականը ՀՀ ոստիկանության կայքում և թեժ գծերում.Վահե Սարգսյան

  • 12-12-2017 18:23:23   | Հայաստան  |  Հասարակություն

Բարեկամս ՌԴ-ից գրեց ինձ և խնդրեց ճշտել` ինչ փուլում է իր` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումի քննարկումը, քանի որ, իր պնդմամբ, արդեն սահմանված ժամկետներն անցել են, սակայն ինքը դեռ չի ստացել համապատասխան իրազեկում: Մենք իր տրամադրած անհատական ծածկագրով և ծննդյան ամսաթվով փորձեցինք ՀՀ ոստիկանության կայքի համապատասխան («Հետևեք ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին») բաժնից փորձեցինք ստանալ տեղեկատվություն: Պարզվեց` կայքի նշյալ բաժինը չի աշխատում: Համենայն դեպս, լրացնելուց և «Հարցում» կոճակը սեղմելուց հետո կայքը ոչ մի կերպ չի արձագանքում:
 
Զանգահարեցինք ՀՀ ոստիկանության թեժ գիծ, այնտեղից մեզ տրամադրեցին Անձնագրային և վիզաների վարչության թեժ գծի հեռախոսահամարը` 37-02-64: Զանգեցինք և ներկայացրեցինք մեր խնդիրը, այնտեղից անմիջապես մեզ մեկ այլ հեռախոսահամարով «գործուղեցին» ինչ-որ մեկի մոտ: Զանգեցինք այդ համարով. պատասխանող չեղավ: Կրկին զանգեցինք նախորդ թեժ գծին, նորից բացատրեցինք մեր պարզ հարցը և փորձեցինք ճշտել`  կայքը ինչու՞ չի աշխատում: Աշխատակցուհին մի փոքր կմկմաց և հանդես եկավ «ես չգիտեմ», «տեղյակ չեմ», «չեմ կարող ասել» բառակապակցություններով, որից, ի դեպ, պարզ դարձավ, որ աշխատակցուհին առաջին անգամ էր լսում և' անհատական ծածկագրի, և' դրա միջոցով ոստիկանության կայքում դիմումի ընթացքին հետևելու հնարավորության մասին: Այնուհետև աշխատակցուհին փորձեց շփոթմունքից դուրս գալ կողքը նստած ինչ-որ մեկի միջոցով և սկսեց մեր խնդիրը փսփսալ նրա ականջին: Նրանից ոգեշնչված շուտով մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք` մենք հեռախոսով նման տեղեկատվություն չենք տրամադրում, դուք պետք է մոտենաք և այլն»: «Աղջիկ ջան, մի տրամադրեք, ես չեմ էլ խնդրում, որ ուրիշի մասին ինձ տվյալներ հայտնեք, ես հարցնում եմ` կայքը ինչու՞ չի աշխատում և, եթե չի աշխատում, ապա ինչպե՞ս կարող եք արտերկրում գտնվող քաղաքացուն օգնել»: Հարցս նորից կմկմոցների տեղիք տվեց, որից դուրս գալու ելքը թեժ գծի բանից անտեղյակ աշխատակցուհին գտավ «10 րոպեից զանգեք» ցրողական պատասխանի մեջ: Փորձեցինք կրկին և' 10, և' 20, և' 30, և' 40, և' 50, և' 60 րոպեից, ավա~ղ, լսափողից լսվում էր տուտ-տուտ-տուտ անհուսալի արձագանքը.  պարզապես «իր գլխից ցրած» աշխատակցուհին որոշել էր այս անգամ էլ հեռախոսն անջատելու հնարքին դիմել:
 
Նյարդայնացած կրկին զանգեցինք ՀՀ ոստիկանության թեժ գիծ և ներկայացրեցինք մեր բողոքը: Աշխատակցուհին մեզ փորձեց օգնել և տվեց այս անգամ էլ ոստիկանության լրատվական բաժնի համարը: Մեր զարմացական հարցին` թե Անձնագրային և վիզաների վարչությունում չեն կարող իրենց վերաբերող հարցին պատասխանել, լրատվական բաժինն ինչ կապ ունի, աշխատակցուհին պատասխանեց, որ, լրատվական բաժնում բավականին լավ են տիրապետում իրավիճակին և կարող են օգնել: Զանգեցինք նաև այդ համարով, որտեղից ևս չպատասխանեցին:
 
Այսպես ավարտվեց մեր ոդիսականը ՀՀ ոստիկանության կայքում և թեժ գծերում: Հետաքրքրական է, որ ՀՀ ոստիկանության կայքն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի:
 
Հ.Գ. Բոլորովին նպատակ չունենք սևացնելու ոստիկանապետ Վ. Գասպարյանի կամ ԱՎՎ պետ Մ. Բիչախչյանի` համակարգի բարելավմանն ուղղված ջանքերը: Հակառակը` վերջին տարիներին հատկապես ԱՎՎ-ում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը ակնհայտորեն բարելավվել է: Այս ամենով հանդերձ` գաղտնիք չէ, որ համակարգի դեմքը ձևավորում են նաև թեժ գծի աշխատակիցները, ովքեր առաջինն են արձագանքում քաղաքացիների հարցերին: Այս առիթով նշեմ, որ, օրինակ, օրեր առաջ զանգահարել էի ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` խնդրելով ներկայացնել սոցփաթեթի շրջանակներում կանխարգելիչ բուժզզնման մասին տեղեկատվություն: Աշխատակցուհին այնքան գրագետ, այնքան բարեհամբույր կերպով ներկայացրեց ամեն ինչ այնպես, որ մի քանի րոպեում գրեթե դարձա ոլորտի մասնագետ:  Ահա այսպիսի բաներ:
 
 
 
Վահե Սարգսյան
javakhk1913@gmail.com
12.12.2017 թ.
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն