ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Հայաստանում տեղաբաշխեց առաջին ապահովված հիփոթեքային պարտատոմսերը (տեսանյութ)


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Հայաստանում տեղաբաշխեց առաջին ապահովված հիփոթեքային պարտատոմսերը (տեսանյութ)

  • 12-12-2017 19:00:37   | Հայաստան  |  Տնտեսություն



 
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը տեղաբաշխեց «Առաջին հիփոթեքային ընկերության» կողմից թողարկված 100 մլն ՀՀ դրամ և 500 հազար ԱՄՆ դոլար ծավալով առաջին ապահովված հիփոթեքային պարտատոմսերը: 
 
Նշյալ պարտատոմսերի առանձնահատկությունն այն է, որ բացի թողարկողի պատասխանատվությունից, պարտատոմսերում ներդրումներն ապահովված են նաև հիփոթեքային վարկերով, որոնց ցանկը պարտատոմսերի ազդագրի հետ միասին գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: 
 
Ինչպես դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը, այս տարվա ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 9 տեղաբաշխում է կազմակերպել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում, որոնցից 5-ն իրականացվել է այլ սկսնակ ընկերությունների համար: 
 
«Ներդրումային ծառայությունների զարգացման մեր ռազմավարությանը համահունչ այս տարի բավականին ակտիվ էինք կապիտալի շուկայում գործառությունների և տեղաբաշխումների կազմակերպման առումով: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի Սևծովյան առևտրի և զարգացման բանկից ու ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությունից հետո, Առաջին հիփոթեքային ընկերությունը երրորդ կազմակերպությունն է, որին մենք բերում ենք կապիտալի շուկա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տեղաբաշխումը նախորդներից տարբերվում է նրանով, որ նոր գործիք է կիրառվել: 
 
Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն, մասնավորապես, պարտատոմսերի պահանջարկը շուրջ 34 տոկոսով գերազանցել է առաջարկը: 
 
Նա նաև նշեց, որ այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու, ավելին՝ արդեն պայմանավորվածություններ կան թողարկողի՝ «Առաջին հիփոթեքային ընկերության» հետ 2018 թվականին հետագա թողարկումների վերաբերյալ:  
 
Իր հերթին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի պետ Էդգար Էվոյանն ընդգծեց, որ վերոնշյալ թողարկմամբ փորձարկման է դրվել նաև ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին գործող օրենքը, որի փոփոխված տարբերակը հաջորդ տարիներին նոր շունչ կհաղորդի այս գործիքի զարգացմանը Հայաստանում: 
 
«Ներկա պահին ներդրողի գումարներն ավելի քան 150% -ով ապահովված են անշարժ գույքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերով:  Եթե հաշվի առնենք, որ վարկերն իրենց հերթին անշարժ գույքի գրավի 70 տոկոսը չեն գերազանցում, դա նշանակում է, որ տվյալ ներդրումները գրեթե կրկնակի ապահովված են աշարժ գույքով»,- փաստեց նա: 
 
Է. Էվոյանի փոխանցմամբ՝ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 10,5 տոկոս, դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը $25 է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 6,5 տոկոս:
 
«Առաջին հիփոթեքային ընկերության» տնօրեն Դավիթ Աթանեսյանն էլ վստահեցրեց, որ  ներգրավված միջոցները կուղղվեն նոր հիփոթեքային վարկերի տրամադրմանը:
«Ապագա թողարկումների ժամանակ մենք հաշվի կառնենք այն, որ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի պահանջարկը գերազանցում է առաջարկը»,- նշեց նա: 
 
Նշենք, որ նշյալ պարտատոմսերը թողարկվել են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում։
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play