Ուրանը և մի շարք թունավոր նյութեր Ամուլսարից կարող են հասնել նույնիսկ Սևանա լիճ, ու հետևանքները կլինեն ահավոր (տեսանյութ)


Ուրանը և մի շարք թունավոր նյութեր Ամուլսարից կարող են հասնել նույնիսկ Սևանա լիճ, ու հետևանքները կլինեն ահավոր (տեսանյութ)

  • 12-12-2017 23:55:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
 
 
 
 
 
Ամուլսարի ոսկու հանքավայրը, որի շահագործման նպատակով «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարության, կառավարության հանցավոր թողտվությամբ արդեն սկսել կամ շատ շուտով սկսելու է հանքավայրը ծածկող բնական մեկուսիչ շերտի հեռացման (մակաբացման) խիստ վտանգավոր աշխատանքները, օրեցօր վերածվելու է մի յուրօրինակ և ահռելի երկրաքիմիական ռումբի, որի պայթյունն առաջիկայում ճակատագրական է լինելու Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության համար: Միանշանակ այս հետևությանը հանգեցինք` լսելով Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի վերաբերյալ Երևանի «Ավիատրանս» հյուրանոցում այսօր կազմակերպված այլընտրանքային հանրային փորձաքննության ընթացքում հնչած բնապահպանների, մասնագետների, գիտնականների, փորձագետների ելույթները:
Հանրային կարևորություն ու նշանակություն ունեցող բնապահպանական ու քաղաքացիական այդ հանդիպման ընթացքում գիտնականները, ոլորտի փորձագետները և բնապահպանները քննեցին ՀՀ կառավարության և պատասխանատու պետական այլ մարմինների կողմից անտեսվող կամ լռության մատնվող խնդիրները՝ կապված Ամուլսարում ոսկու հանքի նախատեսվող շահագործումից բխող լրջագույն վտանգների հետ:
Այլընտրանքային հանրային փորձաքննությունից առաջ բացման խոսքով հանդես եկավ բնապահպան Աննա Շահնազարյանը: Այնուհետև «Ինչ է Ամուլսարը և ինչո՞ւ Ամուլսարը» թեմայով ուշագրավ զեկուցմամբ հանդես եկավ բնապահպան, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լևոն Գալստյանը, որի, ինչպես նաև մյուս բանախոսների ելույթները կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներով:
Ներկայացնելով «Թթվային դրենաժը և ծանր մետաղների տարածումն Ամուլսարում» վերտառությամբ իր մասնագիտական ուսումնասիրության արդյունքները, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ասաց.
«Շատ հանքավայրեր աշխարհում և Հայաստանի բազմամետաղ հանքավայրերի զգալի մասը սուլֆիդային հանքավայրեր են: Դա նշանակում է, որ այնտեղ մետաղները ներկայացված են ծծմբի հետ միացություններով, և այդ հանքավայրերը կայուն չեն, բավականին հեշտ քայքայվում են: Պարունակելով շատ թե քիչ ոսկու պարունակություններ, երբ գնում է քայքայումը ջրի հետ, ջուրը շատ հեշտ սուլֆիդները լուծում է, ոսկին անջատվում է: Օրինակ, Ռուսաստանում Ուրալի շատ հայտնի ցրոնային հանքավայրերը կապված են հենց այս տիպի հանքավայրերի հետ»:
Ըստ գիտնականի, մենք ունենք ինչ-որ հանքային զանգված, որտեղ կան պիրիտներ, խարկոպիրիտներ, ծծմբի հետ այլ մետաղների միացություններ, և, ըստ էության, տեղի է ունենում հետևյալը` անձրևաջրերը, ձնհալի ջրերը, արտադրական ջրերը սկսում են ներթափանցել հանքավայրի մարմնի մեջ, տեղի է ունենում ոչ բարդ քիմիական ռեակցիա, որի արդյունքում առաջանում են սուլֆադներ, այսինքն` դարձյալ ծծմբի միացություններ, ինչպես նաև անխուսափելիորեն առաջանում է ծծմբաթթու:
Հիմա Ամուլսարում եղած համապատասխան միացությունների հիմնական մասն արդեն օքսիդացված է, աշխարհիկ լեզվով ասած, ժանգ է` երկաթի տարբեր միացություններ են, բայց, Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, երբեք, քանի դեռ հանքավայրը լրիվ չի հողմնահարվել, այնտեղ պիրիտների (երկաթի սուլֆիդի) և այլ միացությունների մնացորդային պարունակություններ: Ընդ որում, Ամուլսարում դրանք կան ոչ միայն հանքավայրի բուն մարմնի մեջ, այլև բավական մեծ քանակով առկա են նաև ապարներում, որոնք պարունակում է հիշյալ հանքավայրը:
«Հիմա ինչ-որ մի կերպ այդ հանքավայրը հավասարակշռության մեջ է,- ասաց գիտնականը:- Այնտեղ կան թթվային դրենաժի երևակումներ, օրինակ, հանքավայրում հենց մակերևույթին հայտնի է Բենիկ լիճը, որի պարունակությունը թթու է: Բացի այդ, հիսունական թվականներին այստեղ փորձել են գնահատել քվարցիտների պարունակությունը, կատարվել է երկրաբանական հետախուզում, և այստեղ մնացել է մի հանքախորշ (դա «Էրատո» տեղամասում է), որից, հենց հանքամարմնի տակից, դուրս է գալիս ջուր, որը դարձյալ թթու է: Այսինքն` այս երևույթը կա, և նույնիսկ ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության.- Ա. Հ.) մեջ կան նշմարումներ, որ որոշ աղբյուրներ գտնվում են հանքավայրից ավելի ցած, արդեն Որոտանի և Արփայի կիրճերում, որոնց որոշ մասը խմելու համար պիտանի չէ, դրանք թթու ջրեր են:
Կա նաև 2-րդ խնդիրը, որ ջուրը որքան թթվայնանում է, այն այնքան ավելի հեշտ է լուծում իր մեջ մետաղները, և մետաղները սկսում են դառնալ շարժուն ձևեր իոնային ձևերով, այսինքն` բացի թթվայնությունից, ջուրը պարունակում է զանազան մետաղներ, որոնք առկա են հանքավայրում: Այս հանքավայրը խիստ բազմամետաղային է, բացի ցինկից, կապարից, պղնձից, առկա է սնդիկ, առկա է կադմիում, առկա են մկնդեղ և մի շարք թունավոր նյութեր: Այսինքն` մենք, ի վերջո, ստանում ենք թթու կոկտեյլ` տարբեր ծանր, տոքսիկ մետաղների: Հիմա այս հանքավայրը համեմատաբար հանգստի մեջ է, մենք ունենք ինչ-որ մի հանքախորշ, այստեղ կան մի քանի հորատանցքեր փորված, բայց հանքավայրը ծածկված էր հողով, այնտեղ կար երկրորդային առաջացման կավային շերտ, վերևը կար չամ` խոտաբույսերով, այսինքն` ջրերը դժվար էին թափանցում այդ հանքավայրի տարածք, չնայած աղբյուրները շատ-շատ են, քանի որ այստեղ, այսպես կոչված, երկրաբանական տեկտոնիկան շատ է զարգացած, այսինքն` տարբեր երկրաբանական ճեղքեր կան, ինչը բարձրացնում է թափանցիկությունը: Ինքը` բուն հանքավայրը, ահավոր ճաքճքված է, այստեղ գրեթե բոլոր կվարցիտները համարյա խեժի են վերածված, որոնք ցեմենտացված են հենց այդ հանքանյութով: Երբ որ մենք սկսում ենք քանդել վերևի մասը, ունենում ենք մի խոռոչ, որտեղ արդեն անարգել լցվելու են անձրևաջրերը, հալոցքները, ինչքան խորացնենք այդ խոռոչը, այդքան ավելի է աճում գրունտային ջրերի ներհոսքը»:
Այդ բոլոր ջրերը, գումարած նաև արտադրական ջրերը, Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, պարտադիր մտնելու են հանքավայրի այդ ձագարափոսի մեջ, ինչով ստեղծվելու է մի ռեակտոր, որը լինելու է մի ահռելի խոռոչ, որի մեջ լցվելու են տարբեր ծագման ջրեր, որոնք դուրս են գալու ներքևի մասերով աղբյուրների ձևով:
«Խնդիրն այն է, որ այս թթու, աղտոտված ջրերի ելքն ապակենտրոնացված է, մենք չունենք ինչ-որ մի տեղ, որտեղից դուրս են գալու այդ ամբողջ կեղտոտ ջրերը, և մենք կարողանալու ենք այն ինչ-որ ձևով հավաքել և չեզոքացնել,- ասաց գիտնականը:- Սա ապակենտրոնացված երևույթ է, որը կառավարելի չէ, դրա համար երկրաբանության մեջ կա այսպիսի հասկացություն` ոչ կառավարելի ռիսկ: Այս հանքավայրի ամենամեծ խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք ի արդյունք շահագործման` անկառավարելի ռիսկի հետ: Այստեղ կա նաև բարոյական լուրջ խնդիր, որ ՇՄԱԳ-ի մեջ այս երևույթի մասին ընդհանրապես չի նշվել, այդ խնդիրը անգլերեն փաստաթղթում (ես հատուկ հետազոտել եմ իրենց այդ 1200 էջանոց փաստաթղթերը) տեղ-տեղ ցույց է տրված, ներկայացված է, որ այդ երևույթը կա, բայց ՇՄԱԳ-ի մեջ` հայկական տարբերակի, որը մեզ համար պաշտոնական փաստաթուղթն է, այդ երևույթը, այդ ռիսկը չի մատնանշված»:
Կարծում ենք, վերոնշյալ իրողության հետ կապված կա ոչ միայն բարոյական լուրջ խնդիր, այլև իրավական խնդիր…
Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, ծծմբական թթու պարունակող, ինչպես նաև դրա հետևանքով իրենց մեջ առավել մեծ չափով ծանր, թունավոր մետաղներ լուծած ջրերը, ի վերջո, հասնելու են ստորգետնյա և մակերույթային ջրերին, թունավորման կամ աղտոտման վտանգի տակ են հայտնվելու Արփա, Որոտան գետերը, նույնիսկ Սևանա լիճը: Բնականաբար, նույն վտանգը սպառնում է նաև հիշյալ գետերի և Սևանա լճի ջրերով ոռոգվող հողատարածքներին: Հավելենք, որ Ամուլսարում կան նաև ուրանի ոչ քիչ պաշարներ, և ծծմբական թթու պարունակող ջրերը, բացի թունավոր մետաղներից, նաև ռադիոակտիվ այս մետաղն իրենց մեջ լուծելով, ապականելու, շարքից հանելու են ջրային պաշարներն ու հողատարածքները, ուրանը կարող է հասնել ընդհուպ մինչև Սևանա լիճ և Արարատյան դաշտ:
Այլընտրանքային հանրային փորձաքննության վերջում բոլոր գիտնականները և փորձագետները ներկայացրեցին իրենց եզրակացությունը` Ամուլսարի հանքի շահագործումը միանշանակ անթույլատրելի է: Հիշյալ փորձաքննությանն առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանալի հրապարակմամբ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն