Փաշիկ Ալավերդյան. Եթե մասնակցեինք մեծահասակների աշխարհի առաջնությանը, առնվազն 10 մեդալ կնվաճեինք, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե

13-12-2017 20:19:49   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցաշրջան 2017-ում ընդհանուր առմամբ ձեռք է բերել 80 մեդալ, որից 36-ը՝ ոսկե, 21-ը՝ արծաթե եւ 23-ը՝ բրոնզե:

 


ՀԾՖ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփելով մրցաշրջան 2017-ը՝ ասաց.
 
«Մենք այս տարի չկարողացանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե հանդես գայինք, կունենայինք առնվազն եւս 10 մեդալ, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե: Նկատի ունեմ Սիմոն Մարտիրոսյանին: Անահայմում մինչեւ 105 կգ քաշային կարգում հաղթած ծանրորդը երկամարտում ցույց տվեց 404 կգ, մինչդեռ, Սիմոնը մոտ մեկուկես ամիս առաջ Ալբանիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է 433 կգ արդյունքով: Այնպես որ, ոչ միայն մեծահասակների աշխարհի վերջին առաջնությունը, այլեւ 2017 թվականն ամբողջովին Մարտիրոսյանի համար լինելու էր  ռեկորդային տարի: Սիմոնն այս մրցաշրջանում չորս խոշոր մեկնարկ է ունեցել ու բոլորում էլ բարձրացել է պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին՝ Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների, Եվրոպայի երիտասարդների առաջնություններ եւ համաշխարհային ուսանողական խաղեր: Անահայմը Սիմոն Մարտիրոսյանի համար հինգերորդ չեմպիոնական մեկնարկն էր լինելու, որը յուրատեսակ ռեկորդ կդառնար հայկական ծանրամարտի պատմության մեջ», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:
 
Ազգային հավաքականի մարզիչը հատուկ ընդգծեց նաեւ, որ 2017 թվականի մեդալների առյուծի բաժինը նվաճել են երիտասարդներն ու պատանիները եւ այդտեղ իրենց լուրջ չափաբաժինն ունեն նաեւ աղջիկները.
 
«Իմ գլխավորած տղամարդկանց ազգային հավաքականում բոլորը, բացի Ռուբեն Ալեքսանյանից, 20-23 տարեկան են: Դա ուրախալի է, որովհետեւ նրանք են մեր վաղվա օրը, հաջորդ օլիմպիական խաղերի մասնակիցները:
 
Ցավն այն է, որ այս տարի մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցել չթույլատրելը մեզ մեկ տարով հետ է գցում: Հաջորդ աշխարհի առաջնությունը, որն արդեն վարկանիշային է, կայանալու է եկող աշնանը: Իսկ մեկ տարվա դադարից հետո մասնակցել աշխարհի առաջնությանը եւ այնպիսի արդյունք ցույց տալ, որը կգոհացնի մեզ եւ մարզիկին, շատ դժվար է: Ծանրորդը պետք է տարեկան առնվազն երկու-երեք մրցման մասնակցի, իր մարզավիճակի գագաթին գտնվելու համար: Եկող տարվա Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մարտի վերջից ապրիլի սկիզբ: Մեր նկատմամբ կիրառված վեցամսյա պատժամիջոցի ժամկետն ավարտվելու է ապրիլի 19-ին: Դա նշանակում է, որ մենք չենք հասցնի մասնակցել ու բավականին մեդալներ կարող ենք կորցնել: Սակայն ՀԱՕԿ-ի հետ աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ 10-15 օրը մեզ չխանգարի: Հուսով եմ, որ կստացվի», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից