Հայը միայն միասնության ուժով կհաղթի թշնամուն և միասնության ուժով անառիկ կպահի իր սահմանները (Ֆոտոշարք)


Հայը միայն միասնության ուժով կհաղթի թշնամուն և միասնության ուժով անառիկ կպահի իր սահմանները (Ֆոտոշարք)

  • 14-12-2017 17:48:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանում լույս է տեսել հերթական գիրքը նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանելիս իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 
 
«Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Գասպարյանի հեղինակած «Հայրենիքի կանչով» նոր գրքում ամփոփվել են ժամանակակից գրողների չափածո ստեղծագործությունները: Դրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատմում Արցախյան ազատամարտում և ապրիլյան պատերազմում զոհված շուրջ 50 քաջորդիների սխրագործության մասին: 
 
«Գիրքը լինելու է շարունակական, այսինքն, եթե այստեղ ներառված են ընդամենը 50 տղաների մասին ստեղծագործություններ, ապա գրքի մյուս հատորներում կընդգրկվեն մնացածները»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա: 
 
Երեք տարի շարունակ առաջնագծում անցկացրած Վարդուհի Գասպարյանը ոչ միայն հերոսներին նվիրված գրքեր է հասցրել գրել, այլև տարբեր բարեգործական միջոցառումներ է կազմակերպել, որոնցից ստացված հասույթի շնորհիվ կարողացել է նախաձեռնել Մատաղիսի 1889 թվականին կառուցված, սակայն տարբեր ժամանակներում խոշտանգման  ենթարկված  Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցումը: 
 
«Հերթական աշխատանքով ուզում եմ կոչ անել բոլորին, որ մի կողմ դնենք մեր ես-ը, մի կողմ դնենք ամենքս մեզ համար հայրենիք ստեղծելու գաղափարը և միահամուռ ուժերով ուղղակի կանգնենք տղաների կողքին ու ասենք. «Արցախը մենք ենք, Հայաստանը մենք ենք, և Արցախն ու Հայաստանն ընդհանուր են»,- նշում է նա՝ շեշտելով, որ հայը միայն միասնության ուժով կհաղթի թշնամուն և միասնության ուժով անառիկ կպահի իր սահմանները: 
 
«Հայրենիքի կանչով» գրքի առաջին էջում իր տեղն է գտել 15-ամյա Մելիքսեթյան Մոնիկայի՝ հայ ժողովրդի անունից Հայ զինվորին ուղղված երախտիքի խոսքը նամակի տեսքով: 
 
Գրքի հեղինակի համոզմամբ՝ դպրոցահասակ աղջնակի նամակը վառ ապացույցն է այն բանի, որ որքան էլ ժամանակները փոխվեն, միևնույն է, հայը և առավել ևս հայուհին, երբեք չի կորցնի իր ազգային դիմագիծը՝ ի հեճուկս հակառակը պնդողների: 
 
2002 թվականին ծառայության ընթացքում թշնամու գնդակից զոհված Անդրանիկ Սիլակյանի մայրը՝ Գոհար Արմենակյանը ևս որդու հիշատակին նվիրված բանաստեղծություն ունի «Հայրենիքի կանչով» գրքում ներառված: 
 
«Ես ինքս լինելով զոհված զինծառայողի մայր, արդեն շուրջ 15 տարի է, շուրջս եմ համախմբել բոլոր ժամանակներում զոհված զինծառայողների մայրերին, և մեր ամբողջ գործունեությունն իրականացնում ենք ի նպաստ Հայ զինվորի, Հայ սպայի, Հայոց բանակի ու առհասարակ Հայ ժողովրդի: Որդուս նվիրված իմ գրվածքներից երեքը զետեղված են այս գրքում, և ուզում եմ ասել, որ նմանատիպ միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ որքան էլ զինվորին հիշենք, որքան էլ որ խոսենք զինվորի մասին, քիչ է, քիչ է, քիչ է»,- ընդգծեց «Զինվորի պաշտանության կոմիտեի» նախագահ Գոհար Արմենակյանը: 
 
Իր հերթին ապրլիյան պատերազմից հետո երկրորդ գնդակոծության հետևանքով զոհված լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մայրը՝ Սիլվա Մանասյանը նշեց. «Տիգրանս մահացել է ապրիլի 26-ին, երբ արդեն պատերազմը հաղթահարված էր: Երկրորդ գնդակոծության ժամանակ նա սեփական մարմնով փրկում է իր զինվորի կայնքը:  Այսպիսի գրքերով ու միջոցառումներով մենք՝ մայրերս, զգում ենք, որ նրանք ապրում են»:  
 
Նշենք, որ նախնական 300 օրինակով հրատարկված «Հայրենիքի կանչով» գրքի մի մասը նվիրվելու է զոհված հերոսների ընտանիքներին, իսկ մյուս մասը կհանվի վաճառքի, որից ստացված հասույթը կուղղվի «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրին: 
 
 
 
 
 
 
 
Տեսանյութը՝ ավելի ուշ
Միջոցառման լուսանկարներն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն