Մեկ կառույց - մեկ բնակարան. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ


Մեկ կառույց - մեկ բնակարան. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

  • 14-12-2017 13:48:51   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ  «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնած հանդիպումների շարքից առաջին հանդիպումը։ Հիմնադրամի ներկայացուցիչներին հյուրընկալել էր Գյումրիի բժշկական կենտրոնը։ ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանն իր խոսքում կարևորեց կառույցի մասնակցությունը տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործում։ «Գյումրիի բժշկական կենտրոնը, հանդիսանալով մարզի ամենամեծ կառույցներից մեկը, որն ունի շուրջ 400 աշխատող, չի կարող անմասն մնալ այս խնդրից»,- նշեց նա։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, արձանագրած արդյունքները, 2018թ. նախատեսված միջոցառումները։ «Կարևորում ենք մեկ կառույց - մեկ բնակարան նախաձեռնությունը, որի համաձայն որևէ կառույց կարող է մեկ բնակարան ձեռք բերել տնակում ապրող մեկ ընտանիքի համար, որի օրինակն արդեն ունենք։ Հուսով ենք՝ նման նախաձեռնությունները շղթայական ազդեցություն կունենան ոչ  միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, և մեզ կմիանան հայկական համայնքները։ Եթե յուրաքանչյուր կառույց, միանալով այս նախաձեռնությանը, մեկ բնակարան նվիրի տնակում ապրող մեկ ընտանիքի, ապա մոտավոր հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին ընդառաջ կկարողանանք մեծապես լուծում տալ այս խնդրին»,- ասաց նա։ 
Նախատեսվում  են նաև բարեգործական ընթրիք Միքայել Սրբազանի հետ և այլ միջոցառումներ։
Հիմնադրամի գործադիր տնօրենն շեշտեց. «30-ամյակի հետ կապված մենք հայտարարում ենք քաղաքը տնակների առավելագույնս մաքրելու մտադրության մասին»։ 
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանն էլ ընդգծեց՝ անցած 29 տարիների ընթացքում տնակների հարցը շատերն օգտագործել են իրենց քաղաքական, տնտեսական, անձնական նպատակների համար։  «Տների թիվը մի քանի անգամ ավելի է եղել, քան քանդված տանկների։ Վերջին մեկ տարում քանդվել է 107 տնակ, ստացվել է 27 տուն։ Մինչդեռ նախկինում ստացել են ավելի շատ տուն, քանդվել է ավելի քիչ տնակ։ Չի լինի որ մեկը ստանա տուն և նրա տնակը չքանդվի։ Մեր նպատակը տնակներից քաղաքն ազատելն է, - ասաց Պետրոսյանը՝ հավելելով,- Մենք այստեղ ենք, որովհետև այս միջավայրում պատասխանատվության առումով շատ ավելի հեշտ է խոսել արժեքներից և պատասխանատվությունից, քան օրինակ բիզնես միջավայրում։ Ունենք 12 ընտանիք ձեր գործընկերներից, որոնք ապրում են տնակներում։ Դուք կարող եք աջակցել նրանց բնակարանով ապահովելու գործում»: 
Բանախոսների ելույթներին հաջորդեց ներկաների հետ հարց ու պատասխանը։ Գյումրին տնակներից ազատելու առաքելության շուրջ համախմբման գաղափարը դրական արձագանք ստացավ ներկաների կողմից։ ԲԿ-ի աշխատակիցները հետաքրքրվեցին առկա տնակների քանակի, դրանց վիճակի, տնակներում ապրող ընտանիքներին բնակարան հատկացնելու հիմքերի մասին։ Ներկաները կարևորեցին տնակներում ապրող ընտանիքներին աշխատանք, հետևաբար նաև եկամտի աղբյուր ունենալը, որպեսզի մարդիկ սոցիալական օգուտ ստանալու նպատակով չշարունակեին ապրել տնակներում։ Բժշկական կենտրոնի անձնակազմը պատրաստակամություն հայտնեց ունենալ սեփական ներդրումը տնակում բնակվող ընտանիքներին տանիքով ապահովելու գործում։
Հիշեցնենք, որ«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը սկսում է հանդիպումների շարք Գյումրիում գործող պետական ու ոչ պետական սեկտորի կառույցների հետ։ Այցերի ընթացքում նախատեսվում է հիմնադրամի գործունեության և 30-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների ներկայացում կազմակերպությունների աշխատակազմի անդամներին։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play