Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները
14-12-2017 13:50:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգում: Առաջարկվող փոփոխության արդյունքում էականորեն կկրճատվի փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, ավելի արդյունավետ և բովանդակալից կլինի շահագրգիռ մարմինների մասնակցությունը գործընթացում, փաստաթղթերի իրագործման միջոցառումների ամենամյա ամփոփումը և փոփոխությունների կատարման հիմնավորման անհրաժեշտությունը կբարձրացնեն համայնքների ղեկավարների պատասխանատվությունը գործընթացի նկատմամբ, մշակվող փաստաթղթերի կազմը և բացատրագրի ներկայացման նոր սկզբունքները կբարելավեն փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը:
Մասնավորապես, նախատեսվում է կրճատել հաստատված փաստաթղթերում փոփոխություն կատարելու համար սահմանված ընթացակարգերը՝ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցումը դարձնելով հասցեական՝ կախված առաջարկվող փոփոխությունների բնույթից: Կկանոնակարգվեն տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված միջոցառումների կատարման գործընթացը՝ ստեղծելով այն մեխանիզմները, որոնց շնորհիվ պետք է բարձրանա փաստաթղթերի նախագծման որակը, իրագործման արդյունավետությունը, փոփոխությունների նպատակահարմար ծավալը: Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, պարզեցված գլխավոր հատակագծերի և համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: