Հայաստանում ամանորյա տոնական օրերը 3-ով կկրճատվեն


Հայաստանում ամանորյա տոնական օրերը 3-ով կկրճատվեն

  • 14-12-2017 14:00:45   | Հայաստան  |  Հասարակություն

Գործադիրի հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի 1-ից:
 
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
 
 
Միջազգային համագործակցություն
 
 
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով թիվ BMZ-Nr.:201266956 վարկային համաձայնագրի» նախագծին: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես՝ ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը, ապահովել մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը: Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ: 
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով թիվ 2016 68 458 դրամաշնորհային համաձայնագրի» նախագիծը: Ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրմանը՝ նպաստելով  տնտեսավարողների շրջանակում կլիմայական ռիսկերից ապահովագրական պաշտպանությանը։ Ըստ համաձայնագրի՝ ծրագրի ֆինանսավորումը ՀՀ և ԳԴՀ նախատեսվում է համամասնական սկզբունքով («pari passu»): Ծրագրի շրջանակում գումարը կտրամադրվի 2 մասնաբաժնով: 
Կառավարությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի «Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից ՀՀ Արմավիրի մարզում «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության անցկացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը:
 
 
Այլ որոշումներ
 
 
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծվելու նպատակով: Արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: Ըստ այդմ, նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: 
Կառավարությունը որոշել է Մարոկկոյում կայանալիք «Գիմնազիադա» համաշխարհային խաղերի մասնակցությունն ապահովելու  նպատակով  գումար հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Դպրոցականների համաշխարհային գիմնազիադան կայանալու է 2018 թ. ապրիլին: 
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն