Առողջապահության նախարարն այդպես է չկարողացավ լրագրողներին բացատրել իր շփոթմունքների պատճառը (տեսանյութ)


Առողջապահության նախարարն այդպես է չկարողացավ լրագրողներին բացատրել իր շփոթմունքների պատճառը (տեսանյութ)

  • 14-12-2017 14:48:22   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դեկտեմբերի 14-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչով են պայմանավորված իր շփոթմունքները: 
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում առողջապահության նախարարը փորձել էր հիմնավորել, թե  ինչու է անհրաժեշտ Պապիլոմա վիրուսի դեմ աղջիկներին պատվաստել հենց 13 տարեկանից և, հղում կատարելով տարիներ առաջ արված հարցումների արդյունքներին, ասել էր, որ Հայաստանում մինչև տասնհինգ տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական կյանքով ապրելու փորձ ունի: 
 
Լ. Ալթունյանի՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությունը ստիպեց որոշ հասարակական գործիչներին ու «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանին պահանջել նախարարի հրաժարականը: 
 
Այնուհետև, առողջապահության նախարարությունը պարզաբանում ներկայացրեց Լ. Ալթունյանի վերոնշյալ հայտարարության կապակցությամբ, նշելով, թե շփոթմունք է եղել, և նախարարը տղաների մասին վիճակագրությունը ներկայացրել է որպես աղջիկներին վերաբերող ցուցանիշ։ 
 
Նախարարությունը վկայակոչել է «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքները, որոնց համաձայն, անանուն հարցման ժամանակ 15 տարեկան տղաների 21 և աղջիկների 1 տոկոսը նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն:
 
Իսկ 2010 թվականին կատարված հետազոտության համաձայն,15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել, որ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ աղջիկների` 2 տոկոսը։ Բայց, հակառակ նախարարության հրապարակածի, այս երկու հետազոտություններում տղաներին վերաբերող 25 տոկոսի վերաբերյալ որևէ տվյալ չկա։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն