Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը


Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

  • 14-12-2017 17:22:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:
 
ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ քննարկումից հետո փոփոխություններ չի կրել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
 
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահան Հարությունյանը:
 
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
 
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանաձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
 
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է պաշտպանելու փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության բարձրացմանը:
 
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ: Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը միտված է համաչափ հավասարակշռություն մտցնել քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության երկու կողմերի՝ պարտատիրոջ եւ պարտապանի համար: Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանափակել տույժերի եւ տուգանքների առավելագույն սահմանները: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկի շնորհիվ նախագիծը լրամշակվել է եւ առավել բարելավել պարտապանների վիճակը:
 
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմենուհի Կյուրեղյանը:
 
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված բոլոր նախագծերը:
 
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է դեկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստի աշխատանքը:
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11-00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play