Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին


Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին

  • 15-12-2017 13:22:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի (China Council for the Promotion of International Trade)  կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի պետական և մասնավոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ:
Հանդիպման ժամանակ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտի բարեփոխումները և գրավչությունները:  Մասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Հրանտ Աբաջյանն անդրադարձել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագրին և գոտու պոնտենցիալ ներդրողներին ընձեռվող հնարավորություններին:
 
Չինացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված մի շարք ծրագրերի հանդեպ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագայում ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել:
Հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները: 
ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, շուտով Հայաստանի մասին տեղեկատվական տեսահոլովակ կտեղադրվի հայտնի կազմակերպության կայքէջում՝ մեր երկրի ներդրումային ներուժի և տնտեսության մասին տեղեկատվությունը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով:   
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն