ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ


ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ

  • 15-12-2017 16:51:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը, փոխայցերի ակտիվացումը:
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ նշելով, որ 100 տարի անց եւս Թուրքիայի իշխանությունը շարունակում է վարել ապակառուցողական ու ժխտողական քաղաքականություն, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ ժողովրդավարական արժեքներ կրող եւ ԵՄ անդամ Լատվիան առաջիկայում կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը:
Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրների միջեւ: Նա հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի փաստաթուղթը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը եւ կողծ քարոզչությանը: «Կան երկրներ, որոնք ընկնում են Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակը, դրանց թվում է նաեւ Լատվիան: Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում խնդրի խաղաղ կարգավորումից: Կոչ եմ անում չտրվել ադրբեջանական կեղծ հակաքարոզչությանը եւ չընկնել նրանց ծուղակն ու արցախյան հիմնահարցում չանել հայտարարություններ, որոնք հակասում են Մինսկի խմբի եւ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումներին»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեն նշել է, որ Արցախի հարցում սատարում են Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու սկզբունքներին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն