ՀՀ ԿԳՆ եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը կհամագործակցեն երկրում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպման հարցում


ՀՀ ԿԳՆ եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը կհամագործակցեն երկրում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպման հարցում

  • 15-12-2017 17:04:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Համագործակցության հուշագրի ստորագրմամբ տրվեց համատեղ կրթական ծրագրի մեկնարկը
 
ԵՐԵՎԱՆ – ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ ազդարարելով Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպմանն ուղղված համատեղ ծրագրի մեկնարկը: Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ այսօր ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: 
 
Համագործակցության հուշագիրը բխում է ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 23-ի N 8 որոշումից: Հուշագրի շրջանակներում  նախատեսվում է հայոց լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների, այդ թվում՝ սիրիահայերի համար, ինչը կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ:  Տարեկան շուրջ 80 մարդ  կմասնակցի հայոց լեզվի դասընթացներին:
 
«ՀԲԸՄ-ի առաքելության կարևորագույն ուղղությունները միշտ եղել են կրթությունը, մշակույթը, մարդասիրական և սոցիալ- տնտեսական ծրագրերը: Այս նախաձեռնությունը միավորում է կրթական և մարդասիրական բաղադրիչները, որով մենք կօգնենք սիրիահայ մեր քույրերին և եղբայրներին՝ ավելի հեշտ և արագ ինտեգրվելու իրենց նախնիների հայրենիքում»,- բացման խոսքում նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
 
Դասընթացները կմեկնարկեն 2018 թ. մարտին և կանցկացվեն ՀՎՀ մասնագետների կողմից «հիբրիդ» եղանակով, որը նախատեսում է առկա և հեռավար ուսուցման մեթոդների համակցական կիրառում: 
 
«Իրականում Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքը մեզ համար փորձնական է, որովհետև այն տեխնիկական լուծումները, մեխանիզմները և ձևերը, որոնք նրանք կիրառում են, կարող ենք հեշտությամբ գործադրել հառավար կրթության մեր ծրագրերում»,-ասաց նախարար Լևոն Մկրտչյանը: 
 
«Սա Հայաստանում առաջին  դասարանն է,  որ կբացվի փախստականների համար՝ օգտագործելով ՀՎՀ հեռավար դասավանդման փորձը և հնարավորությունները:  Հպարտ ենք այս հարցում նախարարության հետ համագործակցության համար»,- ասաց Երվանդ Զորյանը: 
 
Նախատեսվում է մշակել 60 դասաժամ տևողությամբ տարբերակված ուսումնական ծրագրեր՝ հայերենին չտիրապետողների և մասամբ տիրապետողների համար: Յուրաքանչյուր խմբի համար կմշակվեն նաև լրացուցիչ ծրագրեր՝ 120 դասաժամ տևողությամբ:  Ծրագրերը կմշակվեն ՀՎՀ-ի և կհաստատվեն նախարարության կողմից: Նախարարությունը նաև կիրականացնի դասընթացների վերաբերյալ շահառուների իրազեկումը: 
 
2017 թ. ՀՎՀ հիբրիդ  ծրագրի դասընթացներին մասնակցել է 20 հայկական դպրոց տարբեր երկրներից,  որոնց այսուհետ կմիանան նաև այս համատեղ ծրագրի շահառուները: Միջոցառման վերջում տեղի ունեցավ վիրտուալ Համընդհանուր Ֆորում, որի ընթացքում ներկաներին ողջունեցին ՀՎՀ հիբրիդ  կրթական ծրագրին մասնակցող դպրոցների ներկայացուցիչները, այդ թվում՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայկական համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը, ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Մկրտիչ Բասմաջյանը և ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի ղեկավար Սոնյա Ավագյան-Պետրոսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play