Ներդրումների առումով կառավարությունը տապալել է իր գործունեությունը. Խոստացված 850 մլն դոլարի ներդրումներն ուղղակի չեն կատարվել (տեսանյութ)


Ներդրումների առումով կառավարությունը տապալել է իր գործունեությունը. Խոստացված 850 մլն դոլարի ներդրումներն ուղղակի չեն կատարվել (տեսանյութ)

  • 15-12-2017 17:17:37   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ներդրումների առումով կառավարությունը տապալել է իր գործունեությունը, քանի որ խոստացված 850 մլն դոլարի ներդրումներն ուղղակի չեն կատարվել:
 
Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետ Լևոն Թումանյանը՝ ամփոփելով 2017 թվականը: 
 
Ըստ նրա՝  իրական ներդրումներ կատարելու փոխարեն պատկան մարմինները վարկեր են վերցնում՝ դրանք ներկայացնելով որպես ներդրում: 
 
Լ. Թումանյանի փոխանցմամբ՝  պետական պարտքը նախատեսվածից ավելի է աճել և դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 6 մլրդ 404 մլն ԱՄՆ դոլար: 
 
«Հայաստանը գտնվում է ռիսկային գոտում, իսկ կապիտալը ռիսկային գոտի չի սիրում: Եթե մենք ուզում ենք իսկապես տնտեսություն զարգացնել և արտագաղթը կանխել, ապա արտակարգ միջոցներ պետք է ձեռք առնվեն»,- ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ նախևառաջ պետք է իրական բարեփոխումներ կատարվեն կառավարման ոլորտում:
 
Նրա խոսքերով՝  պետական պարտքի ավելացումը չի կարող շատ վտանգավոր լինել, եթե տնտեսությունն իսկապես զարգացում է ապրում: 
Լ. Թումանյանի գնահատմամբ՝  դեռևս Հայաստանը կարողանում է նորմալ ձևով կառավարել պետական պարտքը: 
 
«Առայժմ որևէ պրոբլեմ չի առաջացել, բայց ես կարծում եմ, որ պրոբլեմները նոր են սկսվելու, որովհետև առաջիկայում մենք բավականին մեծ միջոցներ պետք է ետ վերադարձնենք այդ վարկերից, և ես չգիտեմ, թե ինչպես է դա կատարվելու»,- նկատեց բանախոսը: 
 
Անդրադառնալով կառավարության կողմից չկատարված մյուս խոստումներին՝  Լ. Թումանյանն առանձնացրեց համայնքների խոշորացման հետ կապված խնդիրները: 
 
Նա, մասնավորապես, նշեց. «Հանրապետությունում մոտ ապագայում 100-ից ավելի գյուղեր պարզապես գոյություն չեն ունենա: Ի սկզբանե որոշակի չափորոշիչներ էին մշակված համայնքների խոշորացումն իրականացնելու համար, սակայն դրանք չպահպանվեցին: Բացի այդ, կառավարության այն խոստումները, որ պետք է ապահովեր ենթակառուցվածքների որոշակի մակարդակ, նույնպես չարվեցին: Մի շարք համայնքներ նախկին խորհրդային շրջանների մակարդակով միավորվեցին, ինչը փոքրիկ Հայաստանի դեպքում պարզապես անթույլատրելի է»: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play