Արծվիկ Մինասյանը հանդիպել է Միացյալ Նահանգների անտառային ծառայության ներկայացուցիչներին


Արծվիկ Մինասյանը հանդիպել է Միացյալ Նահանգների անտառային ծառայության ներկայացուցիչներին

  • 15-12-2017 17:49:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 15-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների հետ: 
 
Նախարարը շնորհակալություն է  հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ ՀՀ բնապահպանության նախարարության  օժանդակության կոչին արագ արձագանքելու համար, ինչի ապացույցը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հանդիպումից հետո կարճ ժամանակահատվածում, սեպտեմբերին, ԱՄՆ անտառային ծառայության մասնագետների այցն էր մեր երկիր: Նախարարը կարևորել է աշխատանքների շարունակականությունը և նոր խմբի այցը, հատկապես, Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհների ֆոնին: Արծվիկ Մինասյանը հակիրճ ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում /ԲՀՊՏ/ արդեն ձեռնարկված կազմակերպչական և կառուցվածքային որոշ փոփոխությունները, նշել տեխնիկական զինվածության և մասնագիտական խորհրդատվության կարիքների մասին, անդրադարձել այլ գերատեսչությունների հետ աշխատանքների կազմակերպմանն ու  հրդեհաշատ ժամանակաշրջանում ծանր փորձությունից քաղած դասերին: 
   ԱՄՆ անտառային  հրդեհների գծով մասնագետ Ջենիֆեր Քրոֆտը, մինչ մասնագիտական ամբողջական զեկույցի պատրաստումն ու ներկայացումը, համառոտ ներկայացրել է իր դիտարկումները՝ շնորհակալություն հայտնելով կարևոր գործընթացի մասը դառնալու և փոխշահավետ համագործակցության համար: Ըստ ամերիկացի մասնագետի, չորս հիմնական ուղղություններով է պետք ձեռնարկել աշխատանքները՝ հաղորդակցություն, ինչը ենթադրում է նաև հանրային իրազեկության բարձրացումը,  խորհրդատվություն, պլանավորում և անձնակազմի որակավորման խնդիր: «Այս շաբաթվա ընթացքում Հայաստանում գտնվելով ես տեսա, որ այստեղ առկա են դժվարին լանդշաֆտի պայմաններում հրդեհների արդյունավետ կառավարման բազմաթիվ բաղադրիչներ: Այսօր մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները հրդեհների կառավարման արդյունավետ պլաններ մշակելու վերաբերյալ, ինչպես նաև դիտարկում ենք արտակարգ իրավիճակներում, մասնավորապես հրդեհների դեպքում, տարբեր գերատեսչություններում առկա գործիքների ողջ ընտրանու օգտագործման հնարավորությունները: Հրդեհների կառավարման շուրջ ցանկացած քննարկման կարևոր տարրերից մեկը պետք է լինի նաև հրդեհների և հողատարածքների երկարաժամկետ կառավարման պլանների ինտեգրումը»,-նշել է   Ջենիֆեր Քրոֆտը՝ խոսելով այլ գերատեսչությունների հետ աշխատանքները կանոնակարգելու, համայնքներում արագ արձագանքման խմբեր պատրաստելու, համապատասխան պատրաստություն անցած կամավորներին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավելու  և մի շարք այլ հարցերի մասին: Մասնագետը կարևորել է քարտեզագրման աշխատանքները, անձնակազմի վերապատրաստման ու տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը: 
   ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել իրականացրած ուսումնասիրությունների համար, նշել, որ կսպասեն ընդլայնված զեկույցի ներկայացմանը, ինչը նաև նոր փոխշահավետ համագործակցության հնարավորություն կընձեռի: 
Հանդիպմանը մասնակցել են նաև Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեն,   Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ԱՄՆ դեսպանատան տնտեսական գծով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանը, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյաներ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն