Նախարարը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին


Նախարարը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին

  • 15-12-2017 17:51:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին  ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսիին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և նախարարի` հասարակական հիմունքներով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:
 
Ֆրանսուա Ռանսին Հայաստանում է Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համագումարի և «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» ՀՄՄ տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար:
 
Ամփոփելով Երևանում անցկացված երկու միջոցառումները՝ Ֆրանսուա Ռանսին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և միության աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: 
 
Նախարարը նույնպես երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` հավաստիացնելով, որ Հայաստանն այսուհետ ևս աջակցելու է միության նախաձեռնություններին և որպես ՀՄՄ անդամ - պետություն՝ մշտապես կառուցողական դերում է հանդես գալու:
 
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ռադիոհաճախականային սպեկտրի կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է մեր երկրի համար` հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, հարևան երկրների հետ այս ոլորտում ճիշտ փոխհարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը:
 
ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսին իր հերթին առաջնային համարեց միության անդամ-երկրների համաձայնեցված մոտեցումը` սպեկտրի կառավարման և օգտագործման կանոնակարգման գործում:
 
Նախարարն առաջարկեց 2018թ-ին նախատեսվող ՀՄՄ մի շարք միջոցառումներ կազմակերպել և անցկացնել Հայաստանում, որը համաձայնությամբ ընդունվեց:  
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն