Ավարտվել և ամփոփվել է Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարը


Ավարտվել և ամփոփվել է Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարը

  • 15-12-2017 18:17:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռադիոհաճախականային սպեկտրի կառավարման տարածաշրջանային համագումարն այս տարի անցկացվեց  Հայաստանում: «Global Europe» ընկերության կողմից կազմակերպված այս միջոցառմանն իր գործուն մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 
 
Համաժողովը մեկնարկեց դեկտեմբերի 12-ին: 20 երկրից ժամանած 100 մասնագետ-ներկայացուցիչներ 3 օր շարունակ անդրադարձան սպեկտրի կառավարման բոլոր ասպեկտներին: Ամփոփվեցին վերջին տարիներին ռադիոհաճախականությունների ոլորտի զարգացումները, ուրվագծվեցին ցանցային տեխնոլոգիաների զարգացման առաջիկա ուղղությունները, սպեկտրի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունը:
 
Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու կատարելագործումն առանց սպեկտրի արդյունավետ կառավարման, ռադիոհաճախականությունների բազմակի կամ համատեղ օգտագործման, անհնար է, որովհետև, ինչպես համաժողովում բազմիցս շեշտվեց, «ռադիոհաճախականությունները չվերականգնվող ռեսուրսներ են»:
 
Որպես համագումարի քննարկումների շարունակություն և արդյունք` համապատասխան մասնագետների կողմից մոտ ապագայում կկազմվի փաստաթուղթ, որը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ-պետությունների համար կունենա ոչ թե պարտադրողական, այլ ուղղորդող բնույթ: Ավելին, այն հեռահաղորդակցության ոլորտը սպասարկող օպերատորներին, սարքեր արտադրող ընկերություններին կօգնի նաև ճիշտ կողմնորոշվել իրենց տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման հարցում: Փաստաթուղթը կարտացոլի ԱՊՀ տարածաշրջանում սպեկտրի կառավարման միասնական մոտեցում:
 
Հայաստանում նմանատիպ մասշտաբային միջոցառման անցկացումը ոչ միայն չափազանց պատասխանատու էր, այլև օգտակար: Մեր երկիրը, ունենալով զարգացած հեռահաղորդակցության ոլորտ և կապի հասանելիության բարձր ցուցանիշներ, խնդիր ունի կարգավորելու սպեկտրի կառավարման մոտեցումները հարևան պետությունների հետ և կիրառելու միասնական, բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքականություն:
 
Համաժողովին հաջորդեց «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» ՀՄՄ տարածաշրջանային երկօրյա սեմինարը: Այն անցավ ռեգլամենտի պրակտիկ օգտագործման և մասնագիտական այլ հարցերի շուրջ զեկույցներ ներկայացնելու և քննարկելու ձևաչափով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն