Եվրամիությունն առաջնային է համարում Հայաստանում փոքր բիզնեսների զարգացմանն ուղղված աջակցությունը


Եվրամիությունն առաջնային է համարում Հայաստանում փոքր բիզնեսների զարգացմանն ուղղված աջակցությունը

  • 15-12-2017 19:07:52   | Հայաստան  |  Հասարակություն

 
Եվրամիությունն առաջնային է համարում Հայաստանում փոքր բիզնեսների զարգացմանն ուղղված աջակցությունը: 
 
Այս մասին դեկտեմբերի 15-ին Երևանում կայացած Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար և Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Պյոտր Սվիտալսկին: 
 
Ըստ նրա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարևոր նշանակություն ունի բիզնես միջավայրը:   
«Հայաստանին բնականաբար լավ տնտեսական աճ է պետք, և հայ երիտասարդները պետք է զգան, որ ապագան այստեղ է, պետք է տեսնեն, որ հնարավորություններ և պոտենցիալ կա իրենց նպատակներին սեփական երկրում հասնելու համար»,- նշեց Պ. Սվիտալսկին՝ հավելելով, որ իրենք շարունակելու են աջակցել հայ գործընկերներին: 
 
Նրա գնահատմամբ՝  Հայաստանի կառավարությունն ակտիվ կապի մեջ է Եվրոպական բիզնես ասոցիացիայի և դեսպանատների հետ, ինչը դրական հետևանքներ կունենա: 
 
Իր հերթին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ լուրջ հիմքեր կան պնդելու համար, որ հետագա տարիներին Հայաստանի և Եվրամիության երկրների միջև տնտեսական ցուցանիշների բարելավում կարձանագրվի: 
 
Ըստ նրա՝ դրան կնպաստի 2018 թվականի հունվարի 1-ից գործարկվող REX (Արտահանողների գրանցված համակարգ) համակարգը:
«Այս համակարգն առավել նպաստավոր կլինի փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Ոչ միայն ՓՄՁ-ները, բայց հատկապես հենց նրանք առանց ծագման սերտիֆիկատ ունենալու, մեկ անգամ այդ համակարգում գրանցվելով, կարող են ապրանքներ արտահանել ԵՄ ու օգտվել GSP +-ի տված արտոնություններից, որը նշանակում է տնտեսված ժամանակ ու միջոցներ»,-նշեց փոխնախարարը:
 
Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանից դեպի Եվրամիության երկրներ 23 տոկոս արտահանման աճ է արձանագրվել, իսկ արտահանված ապրանքների 40 տոկոսն օգտվել է GSP+-ի կողմից տրվող զրոյական մաքսատուրքից: 
 
Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովի խոսքերով՝  իրենք հետևողականորեն ուսումնասիրում են հայաստանյան բիզնես միջավայրը՝ փորձելով վեր հանել ոլորտում առկա խնդիրները: 
 
«Մենք նախորդ տարի էլ ենք ուսումնասիրություններ կատարել, և դրանց հիման վրա արծարծվել են հինգ հիմնական ոլորտներ՝ հարկային, մաքսային, դատական, պետական գնումների և արդար մրցակցության: Ինչ վերաբերում է մեր ասոցիացիայի կատարած աշխատանքների արդյունքին, ապա կարող եմ նշել մաքսային ոլորտում եղած փոփոխությունները: Իհարկե, դեռ աշխատելու տեղ կա, բայց Եվրոպական բիզնես ասոցիացիան ի շահ բիզնեսի կոնստրուկտիվ համագործակցություն ունի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետ»,- նշեց նա: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն