Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)


Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)

  • 18-12-2017 14:11:23   | Հայաստան  |  Մշակույթ



 
Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների և Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ: Միջազգային մրցույթների դափնեկիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ.Ս. Բախի Պրելյուդն Առաջին դաշնամուրային պարտիտայից (Prelude from First keyboard Partita BWV825 by J.S. Bach):
 
Նշենք, որ այս գեղեցիկ և ինքնատիպ ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար, այն հատուկ այս գործիքի համար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը:
 
Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը, ձայնագրությունն իրականացրել է Author's Studio-ն: Պրոդյուսերական աշխատանքներին ներգրավված են եղել Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմերը:
 
Ժորա Սարգսյանն այս տարվա ընթացքում հասցրել է համերգներ ունենալ հանրահայտ փառատոնների շրջանակում, որոնք անցկացվել են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Լիտվայում և այլուր:
 
Ի դեպ, օրերս կայացած Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթում (Tbilisi International Guitar Competition) Ժորա Սարգսյանի ուսանողները հաղթական դափնիների են արժանացել:
 
Մրցույթի 1-ին և 2-րդ տեղերը գրավել են հենց նրա աշակերտները` փոքրերի խմբում Դավիթ Առաքելյանն ու Վահագն Գրիգորյանը, մեծերի խմբում՝ Էդուարդ Հրմուշյանն ու Լիլի Առաքելյանը: Բացի այդ նրանք արժանացել հատուկ մրցանակների՝ ստացել Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն, շահել են կիթառ և դրամական պարգևներ:
 
Նշենք նաև, որ Ժորա Սարգսյանն առաջիկայում ևս հանդես կգա տարաբնույթ ծրագրերով: Կիթառահարը ելույթներ կունենա մի շարք երկրներում, պատրաստվում է Երևանյան միջազգային կիթառի հաջորդ փառատոնին: Հաջորդ տարի ևս Սարգսյանի աշակերտները հանդես կգան միջազգային փառատոններում՝ հաղթական դափնիները հայրենիք բերելու ձգտումով:
 
Կիթառահարը նախատեսում է ծրագրերով, վարպետության դասերով հանդես գալ հանրապետության մարզերում և Արցախում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play