Դուդուկահար և դհոլահար Մխիթարյան քույրերը նոր տեսահոլովակ են ներկայացրել (տեսահոլովակ)


Դուդուկահար և դհոլահար Մխիթարյան քույրերը նոր տեսահոլովակ են ներկայացրել (տեսահոլովակ)

  • 19-12-2017 12:03:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ժողովրդական ստեղծագործությունը՝ ժամանակակից գործիքավորմամբ: Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները դեկտեմբերի 19-ին ներկայացրել են նոր տեսահոլովակ: «Մխիթարյան քույրեր և ընկերներ» խումբը տեսահոլովակում կատարում է «Ջուր կուգեր» ստեղծագործությունը: Նշենք, որ քույրերից բացի խմբում հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը և Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):  
 
Ստեղծագործությունն ինքնատիպ է նաև այն առումով, որ բացի նվագելուց խմբի անդամները նաև երգում են: «Ջուր կուգեր»-ի երաժիշտների մեկնաբանությունը շատ հետաքրքիր է և յուրահատուկ: Ի դեպ, գործիքավորումը կատարել է հենց խումբը: Եվ այս տեսանկյունից գործի նկատմամբ ինքնատիպ մոտեցում է ցուցաբերվել: Պահպանվել են հայկական ժողովրդական գործերի բոլոր ավանդույթները ու միևնույն ժամանակ ստեղծագործությունը ժամանակակից, թարմ շունչ է ստացել: Տեղեկացնենք, որ տեսահոլովակի ձայնագրությունն ու տեսագրությունն արվել է Եղիշե Պետրոսյանի «Արձագանք» ստուդիայում: Ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը:
Աննա և Անահիտ Մխիթարյանների երաժշտական գործունեությունը բուռն արձագանք է ստանում հասարակության մեջ: Մխիթարյան քույրերը համագործակցում են տարբեր խմբերի՝այդ թվում ջազ և անհատ կատարողների հետ: 2017թ. մայիսի 29-ին ծննդավայր Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում Մխիթարյան քույրերն իրենց խմբի հետ առաջին անգամ հանդես եկան համերգով: Դրան հաջորդեց նաև երևանյան մենահամերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Նշենք նաև, որ առաջիկայում Մխիթարյան քույրերն իրենց խմբի հետ ծրագրում են համերգներով հանդես գալ Երևանում, մարզերում և արտերկրում: Սպասվում են նաև այլ անակնկալներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն