Նույնիսկ ծխող պատգամավորներն ու ակադեմիկոսները կողմ են ծխելն արգելող օրենքի ընդունմանը (տեսանյութ)


Նույնիսկ ծխող պատգամավորներն ու ակադեմիկոսները կողմ են ծխելն արգելող օրենքի ընդունմանը (տեսանյութ)

  • 19-12-2017 15:37:17   | Հայաստան  |  Իրավունք



 
Նույնիսկ ծխող պատգամավորներն ու ակադեմիկոսները կողմ են ծխելն արգելող օրենքի ընդունմանը: 
 
Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը` անդրադառնալով հակածխախոտային պայքարի կարևորությանը և «Առանց ծխախոտի Հայաստան» նախագծի շրջանակներում ՀՀ-ում իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալներին: 
 
Ըստ նրա՝ նշյալ նախագծի շրջանակներում մեծ թվով մարդիկ են միացել հակածխախոտային պայքարին ինչպես գիտական, այնպես էլ հասարական շրջանակներից: 
 
«Հուսամ, որ 2018 թվականին մեր խմբով կկարողանանք համապատասխան օրենքի նախագիծը հասցնել իր նպատակին, այսինքն՝ ընդունմանը»,- նշեց Մ. Հակոբյանը՝  կարևորելով հատկապես երիտասարդներին ու պատանիներին ծխախոտի բացասական ազդեցությունից զերծ պահելու հանգամանքը: 
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը ևս մեկ անգամ փաստեց, որ հակածխախոտային պայքարը չի նշանակում ոտնահարել ծխողների իրավունքները, այլ պարզապես անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ծխողների գործողություններից չտուժեն չծխողները: 
 
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի փորձագետ Լիլիթ Գրիգորյանի խոսքերով՝ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երկու խնդրի՝ երկրորդային ծխի ազդեցությանը և պատանիների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությանը: 
 
«2016 թվականին առողջապահության ազգային ինստիտուտի անցկացրած հետազոտության տվյալներով՝ փակ աշխատանքային տարածքներում պասիվ ծխողներ են հանդիսանում 39,7 տոկոսը, իսկ փակ և բաց աշխատանքային տարածքներում՝ 73,5 տոկոս, այսինքն՝ հասկանում ենք, որ աշխատող զանգվածի մեծ մասը գտնվում է ամենօրյա երկրորդային ծխի ազդեցության տակ: Տնային տնտեսություններում ևս ցուցանիշները բավականին բարձր են, մասնավորապես, 2015 թվականի տվյալներով՝ 53,4 տոկոս տնային տնտեսություններում մարդիկ գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի ազդեցության տակ»,- ընդգծեց նա: 
 
Լ. Գրիգորյանի փոխանցմամբ՝ ըստ առողջապահության ազգային ինստիտուտի և ժողովրդագրության  հետազոտության տվյալների՝ 15-19 տարեկան պատանիների շուրջ 15,1 և 13,3 տոկոսն ամեն օր ծխախոտ է օգտագործում: 
 
Անդրադառնալով դեռահասների ու երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման միջազգային փորձի առավել արդյունավետ ռազմավարությանը՝ փորձագետը նշեց, որ ծխելու կրճատմանն ուղղված քաղաքականությունը հաջողություն է ունենում միայն այն դեպքում, երբ այն բազմակողմ է՝ ներառելով օրենսդրական մի շարք փոփոխություններ (ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում, ծխախոտի գովազդի արգելք, անչափահասներին վաճառքի արգելք), բնակչության կրթում և իրազեկվածության բարձրացում, համապատասխան խորհրդատվական ծառայությունների տրամադրում ծխելը թողնել ցանկացող անձանց համար, գնային ճիշտ քաղաքականություն: 
 
Լ. Գրիգորյանի վստահեցմամբ՝ Արևմտյան երկրներում հակածխախոտային պայքարի փորձի արդյունավետությունը պայմանավորված է եղել հասարակական վայրերում ծխելն ամբողջությամբ արգելող օրենսդրության կիրառմամբ և ծխախոտի գների հետևողական բարձրացմամբ:  
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք