Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում (տեսանյութեր)


Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում (տեսանյութեր)

  • 19-12-2017 19:21:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
 
 
ՀՀ բնակիչ հանդիսացող 13-ամյա աղջնակներին մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ լայնածավալ պատվաստումները պետք հանել «Պատվաստումների ազգային օրացույց»-ից ու պատվաստումների ազգային ծրագրից, ինչը նշված տարիքի երեխաների առողջությունը և կյանքը չվտանգելու հրամայականով պայմանավորված, անհրաժեշտ է իրականացնել անհապաղ, քանի դեռ մասնագիտական շրջանակներում լուրջ տարակարծություններ, չփարատված կասկածներ ու վեճեր կան «Գարդասիլ»-ի և, ընդհանրապես, հիշյալ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ: Մեր այս համոզմունքը գնալով ամրապնդվում է նորանոր փաստերով:
Ճիշտ է, ՀՀ կառավարությունը կարող է նաև անտեսել մեր այս հրապարակային պահանջը, որը նաև հանրության մեծ մասի պահանջն է, քանի որ, ինչպես ասում են,  բակլան իրենն է, ուզենա խաշած կցանի: Այո, իշխանությունը ոչ թե մեր, այլ իր ձեռքին է, ուզենա իր 09.11.2017թ. N 47 արձանագրային որոշումն ուժը կորցրած չի ճանաչի, սակայն այդ դեպքում պետք է գիտակցի, որ հետևանքների, որոնք, ի դեպ, կարող են ի հայտ գալ նաև մեկ կամ երկու տասնամյակ հետո, ողջ պատասխանատվությունն ընկնելու է իր վրա, նաև անձնապես` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի:
Թերևս հենց այն հանգամանքը, որ մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելուց հետո նրանց մի մասի, օրինակ, չբեր դառնալը ոչ թե պատվաստումից անմիջապես հետո ի հայտ կգա, այլ 1-2 տասնամյակ հետո, և անհնար կլինի ապացուցել չբերության կապը պատվաստման հետ, կառավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանն ազատում է պատասխանատվության գիտակցումից, ու նրանք աչք են փակում լուրջ հիմքեր ունեցող մտահոգությունների, ահազանգերի և նույնիսկ առկա փաստերի վրա: Սակայն շա՜տ իզուր… Երեխաների առողջական լուրջ խնդիրների առաջացման դեպքում ՀՀ կառավարության անդամների և «Գարդասիլ»-ով դեռահաս աղջիկներին պատվաստելու ծրագիրը գրեթե ամեն կերպ իրագործել փորձող ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաների պատասխանատվությունն անխուսափելի է լինելու, անկախ նրանից` իրենք 10 կամ 20 տարի հետո իրենց ներկայիս պաշտոններին կլինե՞ն, թե ոչ: Թե ինչի ունակ կարող է լինել իր երեխայի դժբախտությունը, լուրջ հիվանդությունը կամ հաշմանդամությունը տեսնող ծնողը, կարծում ենք, բացատրության կարիք չունի:
Մենք արդեն հրապարակել ենք փաստեր, որոնք կասկածի տակ են դնում Ծաղկաձորում ս. թ. նոյեմբերի 26-ին ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպած ցուցադրական ներարկումներն իբրև նախարարության աշխատակիցների ու բուժաշխատողների երեխաներին «Գարդասիլ»-ով պատվաստում ներկայացնելու` նախարարության և որոշ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունները:
Վերոնշյալ փաստերը, ինչպես նաև նախարարության աշխատակիցների այն աղջիկներին, ովքեր 13-ամյա են, «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ մեր կրկնված առաջարկը (http://nt.am/am/news/246950/, http://nt.am/am/news/247366/ ) ՀՀ առողջապահության նախարարության կողմից չընդունելը տեղիք են տալիս առնվազն կասկածների, որ Ծաղկաձորում ՀՀ առողջապահության նախարարության համակարգի աշխատակիցներից և բուժաշխատողներից ընդամենը չորսի երեխաներին ներարկելու համար օգտագործված «Գարդասիլ» մակնշմամբ սրվակներում իրականում «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութն է եղել:
Ինչ վերաբերվում է մեր վերոնշյալ առաջարկը չընդունելուն, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը հետագայում հրապարակայնորեն պատճառաբանեց, թե նախարարության աշխատակիցների երեխաներից բոլոր նրանք, ովքեր պատվաստման ենթակա էին, Ծաղկաձորում պատվաստվել են: Սակայն, իրականությունն այն է, որ Ծաղկաձորում ինչ-որ բան ներարկվել է 13-ամյա ընդամենը մեկ աղջկա, նա էլ ոչ թե առողջապահության նախարարության աշխատակիցներից որևէ մեկի դուստրն է, այլ «Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի: Ընդ որում, հիշյալ կենտրոնը, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է պատկանում, ինչը շատ ուշագրավ է դարձնում տվյալ բուժաշխատողի դստերն ինչ-որ բան ներարկելու պարագան:
Իհարկե, չափազանց դժվար է հավատալ, թե առողջապահության նախարարության ու նախարարության համակարգի (ՀՀ հիվանդանոցների ու պոլիկլինիկաների բուժաշխատողներին չհաշված) աշխատակիցները 13-ամյա որևէ աղջիկ չունեն: Դա մենք կարող էինք ստուգել, եթե նախարարությունն ընդուներ մեր առաջարկը և տրամադրեր ՀՀ առողջապահության նախարարության ու նախարարության համակարգի աշխատակիցների անուն ազգանունները, հասցեները, սակայն նախարարությունը մեր վերոնշյալ առաջարկը չընդունեց` էլ ավելի խորացնելով առկա կասկածները: Այս դեպքում ո՞ւր մնաց ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկի վերջերս տրված հրապարակային խոստումը, թե «Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն «Գարդասիլ»-ով: Դրանով նա, չգիտենք՝ իր անտեղյակության պատճառով, թե հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու միտումով, փորձել է հանրությանը հավաստել, թե «Գարդասիլը» և դրանով պատվաստումներն անվտանգ են: Շատ իզուր…
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարարության ու նախարարության համակարգի, ինչպես նաև բուժհաստատությունների աշխատողներից շատերը դեմ եմ այդ վտանգավոր պատվաստմանը, նրանցից շատերը հրաժարվում են իրենց 13-ամյա աղջիկներին այդ վտանգավոր պատվաստանյութով պատվաստելուց, սակայն շատ քչերն է, որ համարձակություն են ունեցել հրապարակավ հանդես գալ հիշյալ պատվաստումների դեմ, իսկ այս պահին թերևս բոլորը վախեցած են... Ոմանք խոսում են ճնշումների մասին, սակայն ասում են, որ ապացուցել չեն կարող, վերջում էլ խնդրում են իրենց անունը չհրապարակել: Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ շատ դպրոցների տնօրեններ նամակ են ստացել, որ քարոզեն ծնողներին ՄՊՎ-ի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին, այդպիսով ստանան ծնողների համաձայնությունն իրենց երեխաներին պատվաստելու համար, դասղեկներն էլ ծնողներին ասում են` մենք դեմ ենք, բայց եկեք ժողովի, ուղղակի լսեք… 
Ավելին. ՀՀ առողջապահության նախարարությունը մեր ոչ միայն վերոնշյալ առաջարկը չի ընդունել` խորացնելով առանց այն էլ առկա հիմնավոր կասկածները, այլև օրերս իրեն ուղղված մեկ այլ առաջարկ նույնպես: «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում դեկտեմբերի 11-ին հանդես գալով մամուլի ասուլիսով, ՀՀ առողջապահության նախարարությանն առաջարկեցի` եթե վստահ եք, որ «Գարդասիլ» պատվաստանյութն անվտանգ է, առողջական որևէ լուրջ խնդրի կամ նույնիսկ մահվան չի հանգեցնելու, նախապես, ասենք, 10 կամ 20 մլն դրամով ապահովագրեք պատվաստման ենթակա 13-ամյա աղջնակների առողջությունը և կյանքը: Նախարարությունն առ այս պահը չի արձագանքել հրապարակայնորեն արտահայտված վերոնշյալ առաջարկին, թեև բոլորս էլ հասկանում ենք, որ 10 կամ 20 միլիոն դրամի ապահովագրական երաշխիք պարունակող փաստաթղթի տրամադրումը պատվաստվող երեխաների ծնողներին` իրականում ոչինչ է նրանց երեխաների առողջության, առավել ևս` կյանքի դիմաց: Տվյալ առաջարկը չընդունելով ՀՀ առողջապահության նախարարությունը, ըստ էության, խոստովանել է, որ իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ի ու դրանով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ, հետևաբար պարտադիր չէ նաև պատվաստումից հրաժարվելը գրավոր արտահայտելը: Յուրաքանչյուրն իրավունք ունի և կարող է հրաժարվել ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Ոչ ոք, առանց ծնողի համաձայնության ու ներկայության, իրավունք չունի պատվաստել նրա անչափահաս աղջնակին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ, և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա և դուք ներկա չեք պատվաստմանը, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից: Ձեր իրավունքների խախտման պարագայում կարող եք ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` 53 76 51 և «թեժ գծի» 116 հեռախոսահամարներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
                                 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն