ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

  • 20-12-2017 17:37:36   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությանը և բիոտեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցերին` շեշտադրելով սննդամթերքի անվտանգության և բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը:
 
«ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընգրկվել են ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և գիտնականներ: Աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել «նախազգուշավորության սկզբունքով», քանի որ դեռևս ապացուցված չէ դրանց անվտանգությունը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է վերանայել և լրամշակումներ կատարել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակում:
 
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը և փորձի փոխանակման նպատակով Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների: 
 
«Մենք կարևորում ենք ՀՀ գյուղատնտեսության  նախարարության հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի հիմքում գյուղական բնակավայրերում տնտեսության և մարդկանց բարեկեցության բարելավման մեր ընդհանուր նպատակն է: Հայաստանում ԱՄՆ աջակցության շրջանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, քանզի այս ոլորտում մենք աճի մեծ ներուժ ենք տեսնում, և Դեսպանությունը կշարունակի աջակցել Նախարարությանը ոլորտի կանոնակարգման ու վերահսկման գործառույթի իրականացման հարցում», - նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play