Դեսպան Սադոյանը հանդիպել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ


Դեսպան Սադոյանը հանդիպել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ

  • 21-12-2017 11:49:53   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Շնորհավորելով Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ և նրան մաղթելով քաջառողջություն՝ դեսպան Սադոյանը նրան փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույններն ու բարեմաղթանքները։
 
Իլյա Երկրորդը, նշելով, որ վրացի և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, ընդգծեց, որ երբ պատմական որևէ ժամանակահատվածում մեր երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր և փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաև մյուսի վրա։ Իլյա Երկրորդը, խոսելով ներկա իրողությունների մասին, նշեց, որ մենք բարդ ժամանակներ ենք ապրում, որը մեր երկու պետություններին թելադրում է, որ միշտ ունենանք սերտ հարաբերություններ։ Այս համատեքստում Իլյա Պատրիարքը ընդգծեց, որ դեսպան Սադոյանից շատ բան է կախված և հույս հայտնեց, որ վերջինիս գործունեության ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։ Ռուբեն Սադոյանն իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ իր դիվանագիտական առաքելությունը սկսում է Իլյա Երկրորդի օրհնությունը ստանալով։ «Տեսնելով այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ կա Ձեր հանդեպ, զգալով այդ անսահման սերն ու հեղինակությունը, որ Դուք վայելում եք Վրաստանում՝ ես ուղղակի պետք է արձանագրեմ, Դուք, իրավամբ, սուրբ մարդ եք» - շեշտեց Հայաստանի դեսպանը։ Խոսելով հայերի և վրացիների ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական ազգերի միջև կապը ավելի խորանա և ավելի ամուր հիմքերի վրա դրվի։ Անդրադառնալով Հայաստանին՝ Համայն Վրաստանի Պատրիարքն ասաց, որ միշտ ջերմ զգացողություններ է տածել Հայաստանի նկատմամբ։ Նա առանձնահատուկ ջերմությամբ հիշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին և նրա հետ ունեցած իր բարեկամությունը: Հանդիպման ավարտին Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը հայ ժողորդին մաղթեց հաջողություններ՝ ավելացնելով․ «Աստված պահապան հայ ժողովրդին և բարեկամ Հայաստանին»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play