Գեղարքունիքի մարզում պայմանագրային զինծառայողը վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել. SHAMSHYAN.com
21-12-2017 11:57:10 | Գեղարքունինքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավո Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, քանի որ պարզվել է՝ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող է։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է վարորդի ավտոմեքենայի առջև հայտնված խոշոր եղջերավոր անասունները, ու վարորդը, խույս տալով նրանցից, հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: